2 րոպեի ընթերցում
Բուլղարիայի զբոսաշրջության նախարար Իլին Դիմիտրովը Բուլղարիայում 2026 թվականի ամառային զբոսաշրջային սեզոնին նվիրված աշխատանքային հանդիպումից հետո հայտարարել է, որ Սև ծովի հյուսիսային ափի քաղաքների բոլոր ղեկավարները պատրաստ են առաջիկա զբոսաշրջային սեզոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):
Դիմիտրովը նշել է, որ անվտանգության միջոցառումները խստացվել են՝ հավելելով, որ թե՛ Վառնայի, թե՛ Դոբրիչի մարզերում կարելի է իրականացնել անվտանգ զբոսաշրջություն։
Նախարարի խոսքով՝ տարածաշրջանային առողջապահական տեսչությունների տվյալները ցույց են տալիս, որ բոլոր լողափերն այժմ ունեն ջրի գերազանց որակ։ Նա հավելել է, որ կմշակվի լրացուցիչ ինտերակտիվ քարտեզ, որը թույլ կտա օգտատերերին ցանկացած պահի ստուգել ջրի մաքրության ցուցանիշները։
Դիմիտրովը նաև տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ընդհանուր մաքրությունը բարելավելու և տարբեր երկրներից ժամանած ոստիկանների ներկայությունն ապահովելու ուղղությամբ, որոնք զբոսաշրջային սեզոնի ընթացքում ժամանակավորապես կտեղակայվեն Բուլղարիայում։ Բացի այդ, բժշկական անձնակազմ կտեղակայվի զբոսաշրջային գոտիներում առողջապահական ծառայություններն ուժեղացնելու համար։
Նախարարը լավատեսություն է հայտնել, որ ամառային զբոսաշրջային սեզոնը կլինի հաջող և հաճելի։
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։