ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կարող է ընդունել միայն Հայաստանը. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության թեմային՝ Փաշինյանը նշել է, որ միության կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։
«ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը։ ԵԱՏՄ-ի անդամը միայն կարող է որոշել դուրս գալ, այլ գործընթաց չկա։ Ցանկացած հարց կարող ենք քննարկել, և ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, և մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»,-ասել է վարչապետը։
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։