«Ուժեղ Հայաստան»-ը կանանց զբաղվածության հարցը լուծելու համար առաջարկում է ստեղծել տեքստիլ ֆաբրիկաներ
4 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Արագածոտնի մարզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արագածավանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը համայնքների զարգացման կարևոր ուղղություններից մեկը համարել է կանանց զբաղվածության ապահովումը։
«Համայնքի զարգացման համար, իհարկե, կարևոր են աշխատատեղերը ոչ միայն գյուղատնտեսության մեջ։ Հիմնականում կանանց զբաղվածության հարցով։ Կանանց համար Հայաստանում ամենահետաքրքիր ուղղությունը կարող է լինել տեղերում տեքստիլի գործարանի ստեղծումը»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ տեքստիլ արդյունաբերությունը կարող է դառնալ մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևոր աղբյուր։
«Տեքստիլն է, որ աշխատատեղեր է ապահովելու։ Ժամանակին հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում աշխատում էին այդ ոլորտում։ Մենք ասում ենք, որ այստեղ կայացնելու ենք տեքստիլ արդյունաբերությունը, ստեղծվելու է տեքստիլ ֆաբրիկա, որպեսզի կանայք զբաղվածություն ունենան»,- նշել է նա։
Կարապետյանն անդրադարձել է նաև գյուղատնտեսական խնդիրներին՝ հատկապես ծիրանի իրացման դժվարություններին։ Նրա խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկը մթերման կայանների բացակայությունն է, ինչի հետևանքով սեզոնի ընթացքում գները նվազում են, և գյուղացիները չեն կարողանում շահավետ վաճառել բերքը։
Դաշինքի առաջարկով՝ Հայաստանի տարբեր շրջաններում պետք է ստեղծվեն մթերման կայաններ և սառնարանային տնտեսություններ, որոնք գյուղացիներից բերքը ձեռք կբերեն նախապես սահմանված գնով և կարտահանեն արտաքին շուկաներ։
«Կկարողանանք, վերջապես, Հայաստանի արտադրանքը վաճառել այն գնով, որով այն իրականում գնում են դրսում, իսկ այնտեղ գինը մի քանի անգամ ավելի բարձր է»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև լուծել Լարսի անցակետի հետ կապված խնդիրները, որպեսզի գյուղմթերքի արտահանումն իրականացվի արագ և առանց կորուստների։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։
Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում։