Լոռու մարզում 2018-ից իրականացվել է շուրջ 400 մլն դոլարի ներդրում. Փաշինյանը՝ Վանաձորի հանրահավաքին
8 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանրահավաք է անցկացրել Վանաձորի Հայքի հրապարակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքի մեկնարկին հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։
Հանրահավաքի ընթացքում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները խոսել են խաղաղության, անվտանգության, կրթության, ճանապարհաշինության, սոցիալական ծրագրերի և Լոռու մարզում իրականացվող ներդրումների մասին։
Կուսակցության անդամ, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանն իր ելույթում անդրադարձել է մարզերում իրականացվող կրթական ծրագրերին և ընդդիմության քննադատություններին։
«Մեզ բազմաթիվ քննադատություններ են ուղղում՝ մի մասը տեղին, մի մասը անտեղին, դրանցից մեկը շատ հետաքրքիր է, ասում են՝ 3 միլիոն դոլար են ծախսել, 60 երեխայի համար դպրոց են կառուցել, համարում են անտեղի ծախս կամ ոչ նպատակային ծախս։ Նախ այդ դպրոցում 60 երեխա է մնացել, որովհետև դուք երկար ժամանակ բարվոք դպրոց չեք պահել։ 2-րդը՝ 60 երեխաները երեխա են և արժանի են նորմալ պայմաններում սովորելու։ 3-րդը՝ երբ լավ դպրոց ես կառուցում, անպայման շանս է լինում, որ 60 երեխան կավելանա, այդ բնակավայրից գնացած մարդիկ կվերադառնան և երեխաները կշատանան»,- ասել է Սանոսյանը։
Սանոսյանը հայտարարել է նաև, որ իշխանությունները գտել են խաղաղության բանալին։
«Բազմաթիվ դժվարություններով անցնելով` պատերազմ, հետպատերազմյան դժվարություններ և փուլեր, մենք գտել ենք խաղաղության բանալին, մենք գտել ենք խաղաղության հասնելու բանաձևը։ Եվ դրա համար է մեր ամենամեծ խնդրանքը ձեզ, որ այդ բանալին պահենք, այդ բանաձևը գործածենք և տեր լինենք խաղաղությանը»,- նշել է նա։
ՏԿԵ նախկին նախարարը նաև անդրադարձել է Լոռու մարզին՝ օգտագործելով տեղական խոսվածքին բնորոշ արտահայտություն։
«Լոռու մարզում մի շատ հետաքրքիր բառակապակցություն կա՝ «Դբա լավը»։ Եթե համեմատենք 2018 կամ 2021 թվականից առաջ և հետո Լոռին, ապա պետք է նշել, որ Լոռին երբեք այսքան «Դբա լավը» չէր գնացել»,- ասել է Սանոսյանը։
Կուսակցության վարչության անդամ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում հայտարարել է, որ վերջին օրերի հանդիպումները ցույց են տալիս՝ քաղաքացիները տեր են կանգնելու խաղաղությանը։
Պապիկյանը քննադատել է քաղաքական ընդդիմախոսներին՝ հայտարարելով, որ հեղափոխությունից հետո մերժվածների փոքրիկ խմբակներ են ձևավորվել։
«2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո մերժվածների փոքրիկ խմբակներ ծվարել են հասարակության տարբեր շերտերում, տարբեր համայնքներում, բարերարների, բարեգործների, ձեռնարկատերերի, տարբեր մարդկանց, անգամ գառան դիմակի ներքո, իսկ իրականում դավադիր բորենու նման սպասել են հարմար պահի կամ հրահանգի, որպեսզի թիկունքից հարվածեն մեր պետությանը, մեր ժողովրդին։ Թույլ չենք տալու, թույլ չենք տալու։ Դրա պատասխանը՝ ընտրություններ, 2026-ին քվեարկում ենք 16-ին»,- հայտարարել է պաշտպանության նախարարը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը 35 տարի հետո առաջին անգամ հաստատված խաղաղություն ունի։
«Սիրելի լոռեցիներ, 35 տարի հետո մեր պատմության մեջ առաջին անգամ, պետականության գոյության ընթացքում առաջին անգամ մենք ունենք հաստատված խաղաղություն։ Մենք ունենք հաստատված խաղաղություն, և մեր եղբայրները և որդիները այլևս չեն զոհվում կամ վիրավորվում սահմանի վրա»,- ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ խաղաղությունը Հայաստանին տալիս է ոչ միայն անվտանգություն, այլև տնտեսական հնարավորություններ։
«Մենք երթևեկում ենք ճանապարհներով, որոնք երբեք չենք տեսել և չենք ունեցել։ Մենք լսել ենք հեռվից շարունակաբար ինչ-որ Հյուսիս-հարավի մասին, ինչ-որ առասպելական մի բանի մասին, որը պիտի սարքվեր, բայց չէր սարքվում, դրա փոխարեն ինչ-որ օլիգարխների դղյակներ էին բազմանում։ Հիմա մենք ունենք այդ ճանապարհները»,- նշել է նա։
Միրզոյանը խոսել է նաև կրթական բարեփոխումների մասին։
«Մենք ունենք գերժամանակակից, հարմարավետ, գրավիչ դպրոցներ, ամեն ինչով հագեցած դպրոցներ, և մեր երեխաները հաճախելու են այդ դպրոցները։ Մեր երեխաները ոչնչով պակաս չեն ֆրանսիացի, գերմանացի, դանիացի երեխաներից»,- ասել է ԱԳ նախարարը։
Նա անդրադարձել է նաև առողջության ապահովագրության համակարգին։
«Մենք ունենք առողջության ապահովագրություն, որի շնորհիվ մեր բոլորի վճարած հարկերով մարդը, ընտանիքը միայնակ չի մնում առողջական խնդիրների և դրանից բխող ֆինանսական բեռի առջև»,- նշել է Միրզոյանը։
Հանրահավաքի ավարտին ելույթ է ունեցել արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ խոսքը սկսելով սաղմոսով։
«Ես երկար եմ մտածել այն մասին, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն և իմ համոզմունքը միանշանակ է։ Ծառայել Աստծուն նշանակում է ծառայել ժողովրդին և ծառայելով Աստծուն՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ և պետականատեր ժողովրդին»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ժողովուրդն է իշխանություններին առաջնորդել ամենադժվար փուլերում։
«Աստված մեզ առաջնորդեց, ժողովուրդը մեզ առաջնորդեց, որովհետև ինձ համար ժողովուրդը Աստծո մարմնացումն է, և ժողովուրդը մեր ամենադժվար օրերին, ամենադժվար պահերին մեզ առաջնորդեց, որ մենք գտնենք ճանապարհը, և մենք գտանք «Դբա լավը»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը ներկայացրել է նաև Լոռու մարզում իրականացված և ընթացիկ ծրագրերի մասին տվյալներ։
«2018-2026 թվականները Լոռու մարզում իրականացվել է շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում։ Եվ այս պահին 254 միլիոն դոլարի տարբեր ծրագրեր է իրականացվում Լոռու մարզում։ 2018 թվականից մենք Լոռու մարզում 551 կմ ճանապարհ ու փողոց ենք նորոգել, կառուցել և հիմնանորոգել։ Այս պահին 46 դպրոց և 48 մանկապարտեզ, նախակրթարանի ծրագիր է իրականացվում»,- հայտարարել է նա։
Հանրահավաքի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Հանրահավաքն ավարտվել է Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Վարչաբենդ» երաժշտական խմբի ելույթով և դրոն-շոուով։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։