Տնտեսություն

ՀԷՑ-ը հայտարարել է շուրջ 600 բազմաբնակարան շենքի էլեկտրամատակարարման ցանցի վերանորոգման մրցույթ

2 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ը հայտարարել է շուրջ 600 բազմաբնակարան շենքի էլեկտրամատակարարման ցանցի վերանորոգման մրցույթ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ արդեն կնքվել են շուրջ 16 միլիարդ դրամի բյուջեով կապալի պայմանագրեր, ինչպես նաև ավելի քան 12 միլիարդ դրամ արժողությամբ էլեկտրատեխնիկական սարքավորումների և նյութերի ձեռքբերման պայմանագրեր։

«ՀԾԿՀ կողմից հաստատված՝ ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ ՀՀ դրամ (առանց՝ ԱԱՀ):

2026 թվականի Ներդրումային ծրագրի շրջանակներում այսօր արդեն հայտարարվել է Երևան քաղաքում և ՀՀ մի շարք խոշոր բնակավայրերում շուրջ 600 բազմաբնակարան շենքերի՝ ավելի քան 1500 շքամուտքերի էլ.տնտեսությունների վերանորոգման (շքամուտքերում էլեկտրամատակարարման ցանցի բարելավում) աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթ»,- գրել է Պետրոսյանը։

Նա նշել է, որ մրցույթն իրականացվելու է 7 լոտերով՝ ընդգրկելով Երևանի մի շարք վարչական շրջաններ, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի խոշոր քաղաքներն ու բնակավայրերը։

Պետրոսյանի խոսքով՝ շուրջ 600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցի վերանորոգման և բարելավման աշխատանքների համար ՀԷՑ-ի 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսվել է մոտ 600 միլիոն դրամ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում