«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իրականացրեց «մուկ տշելու» ակցիան
3 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվող քարոզարշավի շրջանակում «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը մայիսի 20-ին փորձեց կյանքի կոչել «մուկ տշելու» ակցիան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ներկայացուցիչները, որոնց ուղեկցում էր նրանց խորհրդանիշը դարձած «Սարդ մարդը», փոքրիկ դարպաս էին բերել ՀՀ կառավարության դիմաց և քաղաքացիների հետ «մուկ էին տշում» դրա մեջ, սակայն ՀՀ ոստիկանության ուժերը տարան դարպասը՝ մասնակիցներին հորդորելով այլ վայրում իրականացնել ակցիան։
Չնայած դրան՝ ակցիայի մասնակիցները շարունակեցին «մուկ տշել», բայց առանց դարպասի։
Կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանը շեշտեց, որ սա իրենց քարոզարշավն է, որի շրջանակում իրականացնում են իրենց ակցիան։ «Ոստիկանությունն ասում է, որ մենք չենք իրազեկել, բայց Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն՝ ակցիաների մասին պետք է իրազեկել, երբ դրանք գերազանցում են հարյուր հոգին, բացի այդ, հիմա նախընտրական շրջան է, և նման իրազեկումների կարիք չկա, իսկ ոստիկանությունը ցանկանում է խոչընդոտել մեր քաղաքական ակցիայի իրականացմանը։ Նրանք նշում են, որ իրավունք չունենք այստեղ իրականացնել այս ակցիան, քանի որ խոչընդոտում ենք կառավարության աշխատանքը։ Բոլոր քաղաքական ուժերը «մուկ տշելով» են զբաղված, բոլոր քաղաքական ուժերը, որոնք կեղծ խոստումներ են տալիս, ասում են, որ 300 հազար աշխատատեղ են բացելու, 20 հազար զբոսաշրջիկ են բերելու Կոտայքի մարզ, աֆրիկացի վարձկաններով Նախիջևանն են ազատելու»,-ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ իրենք պայքարում են քաղաքական համակարգը փոխելու համար, ոչ ոքի դեմ չեն պայքարում։ «Մեր օրակարգն ուղղված է ընտրական համակարգի փոփոխմանը, որպեսզի առողջ քաղաքական համակարգ ունենանք»,-նշեց Հովսեփ Ղազարյանը։
Կուսակցության անդամներից Իշխան Գևորգյանն էլ ասաց՝ եթե անգամ շատ ցանկանան «մուկ տշել», ունեն ընդամենը հարյուր օրվա ծրագիր։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 87 հոգանոց ցուցակ։ Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կուսակցությունը ինքնալուծարվող է, իսկ իշխանության գալու դեպքում 100 օրվա ընթացքում կիրականացնեն իրենց խոստումները և հրաժարական կտան, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, որը, հաղթանակի դեպքում, կգլխավորի 100-օրյա կառավարությունը և կպարտավորվի դրանից հետո 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ։