Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը քարոզարշավային օրը կանցկացնի Կոտայքի մարզում

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը քարոզարշավային օրը կանցկացնի Կոտայքի մարզում

«Հայաստան» դաշինքը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 20-ին կլինի Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ 

Նա հայտնել է, որ ժամը 16։00-ին դաշինքի ներկայացուցիչները լինելու են Նաիրի խոշորացված համայնքի Քասախ բնակավայրում, ժամը 17։00-ին՝ Պռոշյան բնակավայրում, իսկ 18։00-ին Եղվարդ բնակավայրում։ 

«Բոլորիդ հրավիրում ենք և սիրով կսպասենք ձեզ։ Ու միշտ հիշեք՝ միասին կարող ենք»,- ասել է Սաղաթելյանը։ 

Թեկնածուն անդրադարձել է նաև մայիսի 19-ին դաշինքի քարոզարշավին Շիրակի մարզում՝ շեշտելով, որ հագեցած ու հետաքրքիր օր են ունեցել Շիրակի մարզում։ 

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, եղել են Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք բնակավայրերում, իսկ քարոզարշավային օրը եզրափակել են Գյումրիում անցկացված հավաքով։ 

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում