Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավային օրն անցկացրել է Դավթաշենում

2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավային օրն անցկացրել է Դավթաշենում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի հերթական օրն անցկացրել են Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորի թեկնածու Լուիզա Սարգսյանը քաղաքացիների հետ շփումներից հետո առանձնացրել է իրենց համակիրների շրջանում կանանց թվաքանակի ավելացումը։

«Օրեցօր մեր համակիրներն ավելի շատանում են, քաղաքացիները մոտենում են, ասում են, որ շատ ողջունում են քարոզարշավը, որն անցնում է կառուցողական մթնոլորտում։ Մենք փորձում ենք մեր քաղաքացիներին փոխանցել մեր ծրագրային դրույթները։ ԲՀԿ քարոզարշավն առանձնացնում են մեր հայրենակիցները։ Կանանց թիվն է շատ մեծ համակիրների շրջանում»,- նշել է Սարգսյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները շրջել են վարչական շրջանում, ներկայացրել իրենց նախընտրական ծրագրի դրույթները։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։

ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։ Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում