Զոլաքարում ոռոգման ջրատար ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտական փուլում են գտնվում ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի 4-րդ փողոցի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 33 միլիոն 898 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Զոլաքարի 4-րդ փողոցի ոռոգման ջրատարի կառուցում երկաթբետոնյա կիսախողովակներով, 700 գծամետր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերից, ընդհատվել ձմեռային եղանակի պատճառով ու վերսկսվել 2026 թվականի ապրիլից։
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում 2026 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից արդեն 4-րդ թաղամասի մոտ 100 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։