Աշխարհ

Սիրիան հայտնել է իսրայելական ուժերի կողմից հրետակոծության մասին

2 րոպեի ընթերցում

Սիրիան հայտնել է իսրայելական ուժերի կողմից հրետակոծության մասին

Իսրայելական ուժերը մայիսի 19-ին հրետակոծել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Կունեյտրայի նահանգի տարածքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Syria TV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կունեյտրայի հյուսիսում գտնվող Տրինջա գյուղի մոտակայքում։ Հրետակոծվել են գյուղատնտեսական տարածքներ, արձակվել է մի քանի հրետանային արկ։

Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

«Սիջիլ» մարդու իրավունքների կենտրոնը Սիրիայի տարածքում Իսրայելի կողմից կատարված խախտումների ամփոփագրում ապրիլ ամսվա ընթացքում գրանցել է 254 խախտում, որոնց մեծ մասը տեղի է ունեցել Կունեյտրայի նահանգում։

Մայիսի 12-ին Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին էմիրաթական The National թերթի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները հույս ունեն հաստատել «հանգիստ և կայուն» հարաբերություններ Իսրայելի հետ՝ չնայած հրեական պետության սպառնալիքներին:

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի այն ժամանակվա նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը շարունակում է խախտումներ իրականացնել՝ գրեթե ամեն օր ներխուժելով սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջանների բնակավայրեր։

Ըստ սիրիական կողմի՝ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում