Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպել են Էրեբունու և Նուբարաշենի աջակիցների հետ

3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպել են Էրեբունու և Նուբարաշենի աջակիցների հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Էրեբունի վարչական շրջանում աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ զգում են ընտրողների դրական էներգիան, որը պարտավորեցնող է։

«Մենք պետք է մեծ փոփոխություններ բերենք և այդ փոփոխությունները կախված են ձեզանից»,-աջակիցներին դիմելով՝ ասել է Կարապետյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Արամ Վարդևանյանն էլ նշել է, որ իրենց կուսակցությունը լուծելու է մարդկանց բարեկեցության խնդիրը։

 «Գալիս է մարդասիրության ժամանակը, իրավունքի գերակայության ժամանակը։ Մենք խոսելու ենք 300 հազար աշխատատեղերի ստեղծման մասին, մենք խոսելու ենք 0 հարկ փոքր և միջին բիզնեսի համար, մենք խոսելու ենք, որ Հայաստանում 30 հազարից ավելի թերսնված մարդ չի լինելու, ծայրահեղ աղքատության հարցը լուծվելու է, և դա արվելու է, և դա անելու է Սամվել Կարապետյանը»,-ասել է Վարդևանյանը։

Մայիսի 18-ին Նարեկ Կարապետյանը շրջել է նաև Նուբարաշենում, հանդիպել համակիրների հետ, նախընտրական թռուցիկներ բաժանել քաղաքացիներին։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո՝ «Փոփոխություն» կարգախոսով։

Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ընտրական ցուցակում ներառված չէ, քանի որ ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն և չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։ Միաժամանակ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Նա ներկայում գտնվում է տնային կալանքի տակ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ 

«Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ է ներկայացրել նախընտրական ցուցակ՝ բաղկացած 200 հոգուց։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում