Փաշինյանը քաղաքացիներին ներկայացրեց սահմանազատման և փախստականների վերաբերյալ ՀՀ սկզբունքները
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի 2026 թվականի խորհրդարանական ընտրության քարոզարշավի ընթացքում արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանազատման և փախստականների վերաբերյալ հարցերում կառավարության սկզբունքները։
Քաղաքացիներից մեկը Փաշինյանից հետաքրքրվեց այսպես կոչված «անկլավների» հարցով։
«Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։ Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև փախստականների վերադարձի վերաբերյալ քաղաքացու հարցերին։
«Ինչքան մենք ասում ենք Բաքվի փախստականներ, Ղարաբաղի, Սումգայիթի, Նախիջևանի և այլն... ռազմավարական գործարքի էությունը սա է՝ երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա, Ղարաբաղի ժողովուրդը տնավորվում է այստեղ, մյուս մեր փախստական եղբայրներն ու քույրերը տնավորվում են այստեղ, ու կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում, պանդուխտի, գաղթականի տրամաբանությունն ու էջերը փակում ենք։ Նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։