Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանն առաջարկում է համաներում անել

3 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանն առաջարկում է համաներում անել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության ավարտից հետո մեծ հնարավորություններ կբացվեն փոքր ու միջին բիզնեսի համար, աշխատատեղեր կստեղծվեն ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արագածավան համայնքում մայիսի 16-ին քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ արձանի կառուցման  նախաձեռնությունն  ի նշան ազգային վերածննդի է արվել։

«Մենք հզոր պատմություն ունեցող  ժողովուրդ ենք եղել, դրա համար էլ իմ մտքով անցավ, որ ես կարողանամ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցել, որ իմ ազգը աշխարհով մեկ ասելու բան ունենա»,-ասաց նա։

Ծառուկյանը քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց նախընտրական ծրագիրը գրվել է ժողովրդի հետ շփումների արդյունքում։

«Ես այս հող ու ջրում մեծացած մարդ եմ, սովորական աշխատող ընտանիքից  կայացել եմ, միշտ իմ ազգի պատիվը բարձր եմ պահել, ժողովրդին ինչով կարողացել  օգնել եմ։ Բայց օգնելով երկիր չես պահի։ Անգիր գիտեմ մեր ժողովրդին ինչ է պետք։ Ժողովուրդն ուզում է, որ մատից փուշ հանող լինի, իսկ մենք լավ թիմ ունենք, լավ փորձ ու ցանկություն և կարող ենք  գումարները ճիշտ նպատակին ծառայեցնել»,-ասաց նա։

ԲՀԿ կուսակցության առաջնորդը նշել է, որ իրենց նախընտրական  ծրագրի կարևոր կետերից է կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձնելը, ինչպես նաև շարունակել զարգացնել սպորտը հատկապես համայնքներում։

«Բոլոր գյուղերում այսօր պետք է սպորտդպրոցներ բացվեն, որպեսզի երեխաները կտրվեն փողոցից և առողջ մեծանան»,-ասել է նա։

Գագիկ Ծառուկյանն առաջարկում է նաև համաներման հնարավորություն  շնորհել կալանավորներին, քանի որ կալանավայրերն, ըստ իրեն, բավականին ծանրաբեռնված են։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։

Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։

ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում