300 դպրոցի ծրագիրն ավարտելուց հետո սկսելու ենք նոր 300 դպրոցի վերակառուցման փուլը. Փաշինյան
3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը 300 դպրոցի վերակառուցման ծրագիրն ավարտելուց հետո, սկսելու է ևս 300 դպրոցի նորոգման փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«70 տարվա ընթացքում Խորհրդային Միությունը 1000-ից ավելի դպրոց է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ Այդ նույն դպրոցները, որ 70 տարվա ընթացքում են ստեղծվել, մենք պլանավորում ենք առավելագույնը 15 տարում վերակառուցել։ 300 դպրոց ծրագիրը, որ սկսեցինք, մտածում էինք, որ 300 դպրոց վերակառուցելով, մնացածները նորմալ, տանելի վիճակում են։ Մեր հանրապետության դպրոցների 90 և ավելի տոկոսը փոխարինման ենթակա են։ 300 դպրոցի վերակառուցման ծրագիրն ավարտելուց հետո սկսելու ենք երկրորդ 300 դպրոցինը, հիմա մեր շինարարության տեմպերը շատանում են, հույս ունեմ, որ մենք հաջորդ հնգամյակում ավելին կարող ենք անել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը որպես օրինակ ներկայացրեց Փարաքար համայնքի դպրոցը։
«Գնացեք Փարաքարի դպրոցը նայեք և թող մեկն ասի, որ ԽՍՀՄ տարիներին կամ Հայաստանի պատմության մեջ այդ մակարդակի թեկուզ մեկ դպրոց եղել է ՀՀ-ում։ Բայց այն եզակի չէ։ Բոլոր այն դպրոցները, որոնք նորակառույց են, բոլորն աննախադեպ մակարդակի դպրոցներ են, բոլոր մանկապարտեզները, որ նորակառույց են, խաղահրապարակները, բոլորը նոր մակարդակի են»,- նշեց Փաշինյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։