Քաղաքականություն

Մեղրին դարձել է համաշխարհային կենտրոն. Փաշինյանն անդրադարձել է TRIPP-ին և ՀՀ արտաքին քաղաքականությանը

3 րոպեի ընթերցում

Մեղրին դարձել է համաշխարհային կենտրոն. Փաշինյանն անդրադարձել է TRIPP-ին և ՀՀ արտաքին քաղաքականությանը

Հայաստանում նախատեսվող TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Մեղրի քաղաքը վերածվել է տարածաշրջանային և համաշխարհային կենտրոնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ-որ ժամանակ կար, որ ասում էինք Մեղրի, տագնապալի ալիքներ էին առաջանում։ Մեղրին այսօր վերածվել է տարածաշրջանային, համաշխարհային կենտրոնի։ Աշխարհի թոփ լիդերներն այսօր մտածում են, որ Մեղրիում տեղի է ունենում շրջադարձային իրադարձություն։ Աշխարհի ղեկավարներն ինձ հետ հաղորդակցվում են հետևյալ հարցով՝ իսկ մենք ո՞նց կարող ենք մասնակցել, որովհետև հասկանում են, որ բան է տեղի ունենում, որն ունի շրջադարձային նշանակություն, որը հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հաղորդակցությունների համար ունենալու է շրջադարձային նշանակություն»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ փոխվել է նաև Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը։

«Հայաստանը նույն կոորդինատների վրա է, որ եղել է վերջին հարյուր տարում, բայց մեր ընկալումը միշտ եղել է այն, որ ՀՀ աշխարհագրական դիրքը խայտառակ վատ է, բայց տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը՝ առաջինը պատմության մեջ, և ԵՄ հանձնաժողովի նախագահն ինձ հետ հանդիպումը սկսում է հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ն նստած է արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհի վրա»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Մեղրիում շուրջ 50 տոկոսով բարձրացել են նաև անշարժ գույքի գները, իսկ Տավուշի մարզի սահմանազատված և սահմանագծված Կիրանց գյուղում շուրջ 50 նոր տուն է կառուցվում։

«Այսօրվա Կիրանցը և 2023թ․ Կիրանցը կիլոմետրերով իրարից հեռու են, Կիրանցը անվտանգ, զարգացած է, քան երբևէ։ Կիրանցում եղել է մոտ 100 տուն, այսօր Կիրանցում շուրջ 50 տուն է կառուցվում։ 3400-ից ավելի սահմանամերձ բնակավայրում կառուցվում են տներ, նոր թաղամասեր։ Տարբեր բնակավայրերում հայտնվում են նոր թաղամասեր պետական աջակցությամբ, որոնց ժողովուրդն ասում է «Նիկոլի թաղ»»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում