Քաղաքականություն

Սևանի կողքին ապրող մարդիկ աղքատ լինելու իրավունք չունեն. «Ուժեղ Հայաստան»-ի խոստումները Գեղարքունիքում

3 րոպեի ընթերցում

Սևանի կողքին ապրող մարդիկ աղքատ լինելու իրավունք չունեն. «Ուժեղ Հայաստան»-ի խոստումները Գեղարքունիքում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական քարոզարշավի շրջանակներում մայիսի 15-ին եղել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սևանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա հայտարարել է, որ Սևանա լճի կողքին ապրող մարդիկ աղքատ ապրելու իրավունք չունեն։ «Այս ռեսուրսը, որ Աստված մեզ տվել է, պետք է օգտագործենք, որպեսզի մարդիկ այս տարածաշրջանում կարողանան լավ ապրել»,- ասել է Կարապետյանը։

Նա նշել է, որ պետություն կառավարելը մենակ փող ծախսելը չի, բյուջեն ծախսելը չի, «դա նաև վարժ լինելու մասին է», պետք է իմանալ, թե ինչպես պայմանավորվել, ինչպես գործարարներին բերել Հայաստան ու տեղում զարգացնել տնտեսությունը։

Նարեկ Կարապետյանը նաև խոսել է ուսուցիչների աշխատավարձերի թեմայից՝ նշելով, որ իրենց քաղաքական ուժի հաջողության դեպքում հենց առաջին տարվանից սկսած՝ ուսուցիչների աշխատավարձերն ամեն տարի 25 տոկոսով կբարձրանան այնքան ժամանակ, մինչև նրանց աշխատավարձը 2.5 անգամ բարձր կլինի։

«5 տարվա ընթացքում ամեն տարի ուսուցիչների, ինչպես նաև բժիշկների աշխատավարձերը 25 տոկոսով կաճեն։ Այս միջոցները մեր բյուջեն ունի, այդ միջոցներն ուղղվում են պարգևավճարներին, մենք սա պետք է ուղղենք ամենախոցելի, բայց ամենակարևոր խմբերին. ուսուցիչներին, որոնք դաստիարակում են մեր հասարակությանը և բժշկական աշխատողներին, որոնք պահպանում են մեր առողջությունը»,- ասել է Կարապետյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։   

Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում