Բուլղարիան պաշտոնապես միացել է Եվրոպական վճարումների դաշինքին․ BTA
1 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում
Բուլղարիան պաշտոնապես միացել է Եվրոպական վճարումների դաշինքին (EuroPA)։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին մայիսի 15-ին հայտնել է BORICA AD ընկերությունը, որն ապահովում և իրականացնում է Բուլղարիայի վճարային ոլորտի տեխնոլոգիական ենթակառուցվածքի աշխատանքները:
Արդյունքում, ազգային blinkP2P ծառայությունը, որը թույլ է տալիս օգտատերերին ուղարկել և ստանալ գումար բջջային հեռախոսահամարի միջոցով, աստիճանաբար կընդլայնի իր ծածկույթը և հնարավորություն կտա ակնթարթային փոխանցումներ կատարել Բուլղարիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Իտալիայի և նախաձեռնությանը մասնակցող մյուս բոլոր երկրների օգտատերերի միջև:
EuroPA-ն եվրոպական նախաձեռնություն է, որը մեկ ցանցի մեջ է միավորում ազգային ակնթարթային վճարային համակարգերը: Դրա արդյունքում Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող օգտատերերը կարողանում են հեշտությամբ գումար ուղարկել բջջային հեռախոսահամարի միջոցով: