«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը Երևանում նախընտրական հանդիպում կանցկացնի
2 րոպեի ընթերցում

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում քաղաքացիներին ու համակիրներին հրավիրել է Երևանում նախատեսվող հանդիպմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցությունը «Ֆեյսբուք»-ի էջում հայտարարել է մայիսի 17-ին, ժամը 16։00-ին, Երևանի Հարավարևմտյան թաղամասի Օգանովի 14 շենքի բակում նախընտրական քարոզարշավային հանդիպում անցկացնելու մասին։
«Հարգելի՛ քաղաքացիներ, համակիրներ և սատարողներ, հրավիրում ենք միանալ մեզ, լսել մեր ծրագրերը, ներկայացնել ձեր հարցերը և ստանալ դրանց ուղիղ ու հստակ պատասխանները։ Միասին կխոսենք Հայաստանի ապագայի, ազգային վերածննդի և ժողովրդի իրական շահերի պաշտպանության մասին»,-ասված է հայտարարության մեջ։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 համարի ներքո։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 88 թեկնածուից բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Արտակ Սարգսյանը։
Քաղաքական ուժի հիմնական շեշտադրումներից են ազգային արժեքների պաշտպանությունը, ուժեղ բանակի և անվտանգության համակարգի ձևավորումը, ինքնիշխան պետության գաղափարը, ինչպես նաև ազգային վերածննդի գաղափարախոսությունը։