Քաղաքականություն

Այսօր արդեն մեր նավը հասել է խաղաղ նավահանգստի. ՔՊ քարոզարշավն Աջափնյակում

3 րոպեի ընթերցում

Այսօր արդեն մեր նավը հասել է խաղաղ նավահանգստի. ՔՊ քարոզարշավն Աջափնյակում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը մայիսի 14-ին շարունակել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աջափնյակի բնակիչները հանդիպման ընթացքում հուշանվեր-նավ են նվիրել արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին։ 

Նրա խոսքով՝ քաղաքացիները նվերը հանձնելուց խնդրել են «փոթորկվող օվկիանոսում գտնվող մեր նավը խաղաղ նավահանգիստ հասցնել»։

«Իմ հիմնական ասելիքն այս նախընտրական ողջ գործընթացում հենց դրա մասին է և իրականում իմ ամենամեծ ուղերձը նրա մասին է, որ, ի վերջո, ինչպես պայմանավորվել ենք 2021 թվականին, այսօր արդեն մեր նավը հասել է խաղաղ նավահանգստի»,-ասել է Փաշինյանը։

Այդուհանդերձ, ըստ նրա, հաստատված խաղաղությունը բոլոր հնարավոր կողմերից, տարբեր ձևերով թիրախավորվում է, մինչդեռ՝ զգալի է ակնհայտ ու աներկբա, որ հաստատված իննամսյա խաղաղությունը Հայաստանի ժողովրդի հիմնական ուրախությունն է։

Փաշինյանն ընդգծել է, որ 2025 թվականը ՀՀ պատմության մեջ առաջին տարին է, երբ, ի տարբերություն նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած արտագաղթի, հայության ներգաղթ է սկսվել։ Նա կոչ է արել ընտրողներին ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ գիտակցելով, որ նույնիսկ մեկ մարդու ձայնը վճռորոշ է լինելու։

Այնուհետև Փաշինյանը շրջել է թաղամասում, հանդիպել ու զրուցել, ինչպես նաև լուսանկարվել բնակիչների հետ։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում