«Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզչության շրջանակում այցելել է Երևանի Աջափնյակ վարչական շրջան
3 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի անդամները՝ նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի հետ, նախընտրական քարոզարշավի 7-րդ օրն այցելել են Երևանի Աջափնյակ վարչական շրջան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աջափնյակի բնակիչների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը, ներկայացնելով դաշինքի տեսակետները, աշխարհագրորեն անհնար է համարել տեսանելի ապագայում Հարավային Կովկասի ընդգրկումը Եվրոպական Միությունում։
«Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ։ Հնարավոր է՝ եթե Թուրքիան դառնա, Վրաստանը դառնա (խմբ․-ԵՄ անդամ), դրանից հետո էլ մի 20 տարի, 25 տարի հերթում կանգնես՝ եթե մինչ այդ Եվրամիությունն այս տեսակով դեռ պահպանվի։ Սա է իրականությունը»,-համոզմունք է հայտնել Քոչարյանը՝ անհեռանկարային համարելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցելը։
Փոխարենը, ըստ Քոչարյանի, հնարավոր է Հայաստանը դարձնել եվրոպական երկիր՝ իր արժեքային համակարգով, բարեկեցությամբ, տնտեսական զարգացվածությամբ ու ազատություններով։
Նա անդրադարձել նաև Երևանի խնդիրներին, մասնավորապես՝ անվերահսկելի համարելով մայրաքաղաքի բնակչության աճը։
Քոչարյանի կարծիքով՝ այդ աճին զուգահեռ պետք է կառուցվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ ճանապարհ, մետրոյի կայարան և այլն, քանի որ, հակառակ դեպքում, նրա գնահատմամբ, Երևանը ապրելու համար անտանելի կլինի։
Այնուհետև՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն պատասխանել է տարբեր ոլորտների, ինչպես նաև նրա ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական ծրագրին վերաբերող հարցերի։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։
Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։