«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Կարապի լճի տարածքում իրականացրեց «Ջուր ծեծելու» ակցիան
3 րոպեի ընթերցում

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 14-ին Կարապի լճի տարածքում իրականացրեց «Ջուր ծեծելու» ակցիան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայից մի քանի ժամ առաջ կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ վաղ առավոտյան Կարապի լիճը դատարկվել է։ Նրանք նավակ էին բերել իրենց հետ, որի մեջ ջուր լցրեցին և իրագործեցին իրենց գաղափարը։

Կուսակցության ներկայացուցիչ Իշխան Գևորգյանի խոսքով՝ «Բոլորին դեմ եմ»-ը միակ ազնիվ ուժն է, որն իրերն իրենց անուններով է կոչում։
«Այս կանոնով ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին մերժում ենք, որովհետև այս կանոնով հաղթողը դառնալու է սուպերվարչապետ, ընդդիմությունն էլ աշխատելու է նույն կերպ, ինչպես վերջին հինգ տարում. ոչ մի դեր չի ունենալու։ Մենք առաջարկում ենք գալ, փոխել համակարգը, խաղի կանոնները, փոքր ուժերին մասնակցելու շանս ևս տալ, վերացնել կայուն մեծամասնություն երկրորդ փուլի գաղափարը, որը Մուսոլինիի ժամանակ է եղել, բերել մահակը՝ բոլորին դեմ քվեաթերթիկը, որը մեր հայրերի ժամանակ եղել է»,-ասաց նա։

Գևորգյանը շեշտեց՝ փոքր ուժ ասելով՝ նկատի ունի նաև իրենց։ «Ես տեսնում եմ շատ լավ մարդկանց, որոնք Հայաստանում փոփոխություն անելու համար մտել են այս կամ այն ուժ և փոխանակ փոխեն ինչ-որ բան, փոփոխություններ կատարեն, այդ ուժն է նրանց փոխել։ Ցանկանում եմ՝ այդ մարդիկ շանս ունենան, իրենց ուժով ներկայանան, ինչպես բազում ուժեր։ Մենք հույս ունենք հասնել բոլոր այն քաղաքացիներին, որոնք բոլորին դեմ են, և մենք վստահ ենք, որ նրանք անցողիկ շեմից մի քանի անգամ շատ են։ Ուզում ենք հայտնվել խորհրդարանում այնպես, որ ոչ մի ուժ չհատի 50 տոկոսից ավելին»,-ասաց Գևորգյանն ու հավելեց՝ ներկայացնում են այն քաղաքացիներին, որոնք բոլորին դեմ են, և չեն կարող նրանց ձայներով պատգամավոր աշխատել։
Նա ասաց, որ հաջողության չհասնելու պարագայում մանդատը վայր են դնելու, ստացվում է՝ պարտվելու են, բայց շարունակելու են պայքարն ազատ քաղաքացիների հետ։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 87 հոգանոց ցուցակ։ Կուսակցության ներկայացուցիչներն հայտարարել են, որ իրենց կուսակցությունը ինքնալուծարվող է, իսկ իշխանության գալու դեպքում 100 օրվա ընթացքում կիրականացնեն իրենց խոստումները և հրաժարական կտան, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, որը, հաղթանակի դեպքում, կգլխավորի 100-օրյա կառավարությունը և կպարտավորվի դրանից հետո 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ։