Հայաստան

Մաշկաբանությունը Հայաստանում զարգանում է արագ տեմպերով. կենտրոնի տնօրենը ներկայացնում է հիմնական մարտահրավերներն ու նոր լուծումները

8 րոպեի ընթերցում

Մաշկաբանությունը Հայաստանում զարգանում է արագ տեմպերով. կենտրոնի տնօրենը ներկայացնում է հիմնական մարտահրավերներն ու նոր լուծումները

Հայաստանում մաշկաբանական և այրվածքաբանական ծառայությունները վերջին տարիներին անցնում են զարգացման նոր փուլ՝ պայմանավորված ինչպես ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ, այնպես էլ բուժման մոտեցումների փոփոխությամբ։ Միևնույն ժամանակ, ոլորտը շարունակում է բախվել մի շարք մարտահրավերների՝ սկսած բնակչության իրազեկվածությունից մինչև հիվանդությունների աճի միտումներ։

ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ոլորտի զարգացման միտումները, առկա խնդիրներն ու կենտրոնում իրականացվող նորարարությունները:

-Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞ն է այսօր մաշկաբանության բուժման ընդհանուր վիճակը Հայաստանում, և ի՞նչ հիմնական փոփոխություններ են տեղի ունեցել վերջին տարիներին ձեր կենտրոնում։

-Մաշկաբանությունը վերջին մոտ 10 տարիների ընթացքում շատ արագ զարգանում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Մենք ևս փորձում ենք հնարավորինս հետ չմնալ այդ զարգացումներից։ Որոշ ուղղություններ պահանջում են մեծ ֆինանսական ներդրումներ, սակայն կան նաև ոլորտներ, որոնք հնարավոր է զարգացնել Հայաստանի պայմաններում, և մենք դա իրականացնում ենք։

Օրինակ՝ ախտորոշիչ գործիքների ներդրումը շուրջ 10-15 տարվա պատմություն ունի։ Դերմատոսկոպիկ հետազոտությունը լայնորեն կիրառվում է ինչպես մեր կենտրոնում, այնպես էլ ամբողջ Հայաստանում։ Մենք փորձում ենք խթանել այս մեթոդի կիրառումը, որպեսզի մարդիկ հասկանան՝ ուռուցքային հիվանդությունները հնարավոր է վաղ ախտորոշել և արդյունավետ բուժել։

Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ մաշկաբանությունն այսօր սերտորեն կապվում է էսթետիկ բժշկության հետ։ Եթե նախկինում հիմնականում խոսում էինք բուժման մասին, ապա այժմ կարևոր է նաև կյանքի որակի բարելավումը և գեղագիտական արդյունքը։ Այսինքն՝ բուժումը պետք է լինի ոչ միայն արդյունավետ, այլև տեսանելիորեն բարելավող։

Երրորդ կարևոր ուղղությունը սարքավորումների ներդրումն է։ Մաշկաբանությունը դառնում է ոչ միայն թերապևտիկ, այլև գործիքային ոլորտ։ Բուժումն այսօր ներառում է լազերային տեխնոլոգիաներ, ֆիզիոթերապևտիկ միջամտություններ և այլ մեթոդներ, որոնք ապահովում են ավելի բարձր արդյունք։

Միաժամանակ ունենք նաև մարտահրավերներ․ վերջին շրջանում նկատվում է ինֆեկցիոն և սեռավարակների աճ, ինչը պահանջում է նոր մոտեցումներ։

-Որո՞նք են մաշկաբանական և այրվածքաբանական խնդիրների աճի հիմնական պատճառները Հայաստանում։

-Գործոնները բազմաթիվ են։ Կա գենետիկ նախատրամադրվածություն, կլիմայական պայմանների ազդեցություն, օդի աղտոտվածություն։ Երևանում օդի որակը, փոշին, կանաչ տարածքների նվազումը նույնպես ազդում են մաշկի վրա։

Շատ կարևոր գործոն է նաև ապրելակերպը։ Մենք հաճախ խոսում ենք առողջ ապրելակերպի մասին, բայց իրականում չենք հետևում դրան։ Ծխելը, ավելորդ քաշը, ոչ ճիշտ սննդակարգը, արևապաշտպան միջոցներ չօգտագործելը ազդում են մաշկի վրա։

Բացի այդ, բնակչության մեծ մասը բավարար ուշադրություն չի դարձնում մաշկի խնամքին, իսկ մյուս մասը՝ հակառակը, չափազանց շատ է օգտագործում  խնամքի միջոցներ։ Սա ևս խնդիր է։ Նկատվում են նաև վարակիչ հիվանդությունների դեպքերի աճ՝ սնկային հիվանդություններ, քոս և այլն, հատկապես մանկական կոլեկտիվներում։

Եթե խոսենք այրվածքների մասին, ապա հիմնական պատճառը անփույթ վերաբերմունքն է անվտանգության կանոնների նկատմամբ։ Այրվածքների մեծ մասը հնարավոր է կանխարգելել։

-Ի՞նչ նոր մեթոդներ և սարքավորումներ են կիրառվում կենտրոնում։

Այրվածքաբանական բաժանմունքում ունենք նորագույն վիրահատարան, որը թույլ է տալիս զգալիորեն կրճատել վիրահատությունների տևողությունը և բարձրացնել արդյունավետությունը։ Կիրառում ենք նաև միկրովիրաբուժական տեխնոլոգիաներ։

Մաշկաբանական բաժանմունքում ունենք անհրաժեշտ լազերային սարքավորումներ, ուլտրամանուշակագույն ճառագայթման սարքեր, դերմատոսկոպներ և էքսիմեր լազերներ։ Դրանք լայնորեն կիրառվում են քրոնիկական հիվանդությունների բուժման համար։

-Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը ոլորտում և ձեր կենտրոնում:

-Արհեստական բանականությունը մեծ ներուժ ունի, հատկապես ախտորոշման ոլորտում։ Չնայած դեռ չունենք այդ տեխնոլոգիաներով աշխատող սարքեր, որոշ գործընթացներում արդեն օգտագործում ենք այն։ Կարծում եմ՝ ապագայում այն մեծ դեր կունենա։

-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային համագործակցության կարևորությունը։

-Միջազգային համագործակցությունը շատ կարևոր է։ Մենք համագործակցում ենք տարբեր երկրների կլինիկաների, կազմակերպությունների և մասնագետների հետ։ Սա մեզ թույլ է տալիս ոչ միայն փորձ փոխանակել, այլև ներգրավել նոր գիտելիքներ և մեթոդներ։

Օրինակ՝ մեր մասնագետները վերապատրաստվել են արտասահմանում, իսկ արտերկրի մասնագետները պարբերաբար այցելում են Հայաստան՝ դասախոսություններով և համատեղ աշխատանքով։

-Ինչպե՞ս է իրականացվում այրվածք ստացած հիվանդների վերականգնումը։

-Վերականգնումը բաժանվում է երկու մասի՝ պահպանողական և վիրահատական։ Առաջինը ներառում է ֆիզիոթերապիա, մերսումներ, կինեզոթերապիա։ Երկրորդը՝ վիրաբուժական միջամտություններ՝ սպիների և ֆունկցիոնալ խնդիրների վերացման համար։

-Ի՞նչ քայլեր եք իրականացնում բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու համար։

-Սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածում ենք տեղեկատվություն՝ հիվանդությունների, կանխարգելման և բուժման վերաբերյալ։ Կազմակերպում ենք դասախոսություններ, օնլայն միջոցառումներ։

Բացի այդ, կարևորում ենք բժիշկ-պացիենտ համատեղ որոշումների կայացումը, որպեսզի պացիենտը նույնպես մասնակցի իր բուժման գործընթացին։

-Ինչպե՞ս եք ապահովում բժիշկների շարունակական կրթությունը։

-Մեր կենտրոնը նաև ուսումնական բազա է։ Ունենք օրդինատուրա, դասընթացներ, ներքին քննարկումներ և միջազգային ծրագրեր։ Բժիշկները պարբերաբար մասնակցում են գիտաժողովների և վերապատրաստումների։

-Ի՞նչ դեր ունի համընդհանուր առողջապահական ապահովագրությունը։

Այն կարևոր գործիք է, որը թույլ է տալիս պացիենտներին ժամանակին դիմել բժշկի և ստանալ անհրաժեշտ բուժում։ Սա նաև բարելավում է բժիշկ-պացիենտ հարաբերությունները՝ նվազեցնելով ֆինանսական բեռը։

-Ինչպե՞ս եք պատկերացնում կենտրոնի զարգացումը առաջիկա 5-10 տարիներին։

-Կցանկանայի, որ այրվածքների դեպքերը նվազեն, իսկ բուժումը դառնա առավել անհատականացված։ Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր պացիենտ ստանա իրեն համապատասխան բուժում և լիարժեք վերականգնում։

Եվ ուզում  եմ հորդորել մեր քաղաքացիներին չզբաղվել ինքնաբուժությամբ։ Անգամ ամենավատ բժիշկը ավելի լավ է, քան ինքնաբուժությունը։ Ցանկացած խնդրի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի և բուժումը կազմակերպել համատեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում