Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ մարզպետները պետք է ընտրովի լինեն
2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ մարզպետները պետք է լինեն ոչ թե նշանակված, այլ՝ ընտրովի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մայիսի 14-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը։
«Մարզպետը պետք է ընտրովի լինի։ Ժողովուրդը պետք է տեսած լինի, որ այդ մարդը կազմակերպող է, մտահոգ է, հասկանում է ու մարդու մատից փուշ է հանում»,-նշել է Ծառուկյանը։
Բացի այդ, նա առաջնահերթություն է համարել գյուղատնտեսության նախարարության վերականգնումը, որպեսզի գյուղատնտեսներն իրենց խնդիրների լուծման համար դիմելու տեղ ունենան, ինչպես նաև այդ գերատեսչության կողմից նախապես պլանավորվի ու սեզոնային աշխատանքների շրջանակներում համապատասխան աջակցություն ցուցաբերվի։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։
Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։
ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։
Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։