«Միասնության թևեր»-ը Հայաստանի ապագան տեսնում է արդյունաբերական զարգացման մեջ
2 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով առաջարկում է Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր՝ յուրաքանչյուր տարածաշրջանում համապատասխան գոտիներով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը՝ նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչներին ներկայացնելով իրենց ծրագրերը։
«Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում, և դա պատահական ընտրություն չէ»,-ասել է նա՝ պարզաբանելով, որ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտները պահանջում են հզոր սառեցման համակարգեր, իսկ Աշոցքն ունի այդ բնական առավելությունը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարածաշրջանում տեղակայելով արդյունաբերական գոտիներ և պահանջելով, որ գնումների առնվազն 40 տոկոսը կատարվի տեղի փոքր ու միջին ձեռնարկատերերից, տարածքային համաչափ զարգացման մոտիվացիայի հիմք կդրվի։
Անանյանն իր խոսքում անհրաժեշտություն է համարել Երևանից դեպի մարզեր և սահմանամերձ համայնքներ ապակենտրոնացումը։
Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 6-րդ է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: