Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանը» ներկայացրել է ծրագրերը, որոնք կնպաստեն «ընտանիքների զարգացմանը, բազմացմանը»

4 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստանը» ներկայացրել է ծրագրերը, որոնք կնպաստեն «ընտանիքների զարգացմանը, բազմացմանը»

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դաշինքի անդամների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ժողովրդագրական խնդիրներին և դաշինքի առաջարկած ծրագրերին։

«Ժողովրդագրական հարցը կլինի ամենաթիրախային հարցերից մեկը։  Մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդ ընտանիքների համար, որպեսզի նրանք կարողանան շատ երեխա ունենալ, լավ դաստիարակել իրենց երեխաներին, լավ ապագա ստեղծել իրենց երեխաների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Կարապետյանը։

Դաշինքի ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը ներկայացրել է առաջարկվող լուծումները՝ հայտարարելով, որ «Ուժեղ Հայաստան»-ն ի սկզբանե կարևորել է ժողովրդագրական հարցը և այդ համատեքստում ներկայացրել տնտեսական առաջարկներ։

«Մեր ուժը՝ մեր առաջնորդ պարոն Կարապետյանի գլխավորությամբ,  լրջագույն հեղափոխական տնտեսական առաջարկ արեց՝ 300 000 աշխատատեղի ստեղծում, որովհետև այս 300 000 աշխատատեղերով մենք կարողանալու ենք մեր բնակչությանը պահել մարզերում, և ամուսինները մնալու են իրենց ընտանիքներում։ Դրան ի լրումն՝ առաջարկեցինք 20000 մատչելի բնակարանի ծրագիրը, որը կնպաստի ընտանիքների զարգացմանը, բազմացմանը, ձևավորմանը»,- ասել է Մելոյանը։

Նրա խոսքով՝ դաշինքը պատրաստվում է ստեղծել Ազգային վերածննդի հիմնադրամ։

«Մենք ստեղծում ենք Ազգային վերածննդի հիմնադրամ։ Ազգային վերածննդի հիմնադրամը մշակելու է պետական քաղաքականությունը, որով լուծվելու են ժողովրդագրական լրջագույն խնդիրները՝ սկսած ծնելիությունից, վերջացրած ամուսնալուծությունների թվաքանակի անկմանը նպաստող իրավիճակի ձևավորմամբ»,- նշել է նա։

Մելոյանի խոսքով՝ հիմնադրամը կունենա 30 տոկոս պետական մասնակցություն, իսկ մնացած 70 տոկոսը նախատեսվում է ձևավորել գործընկերների և ներդրումային կազմակերպությունների միջոցներով։

Նա ներկայացրել է նաև դաշինքի սոցիալական առաջարկներից մեկը։

«Յուրաքանչյուր 4-րդ երեխայի ծննդի համար ընտանիքը ստանալու է 2 միլիոն դրամ, իսկ 5-րդ երեխայի համար և դրանից հետո 6-րդ, 7-րդ երեխաների ծնունդների համար ընտանիքները ստանալու են անվճար բնակարան»,- հայտարարել է Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ ծրագրերի իրականացումը հնարավոր կլինի ապահովել Սամվել Կարապետյանի միջազգային կապերի և ներդրումային կազմակերպությունների մասնակցության շնորհիվ։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։   

Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում