Արամ Սարգսյանը Հայաստանի անվտանգությունը տեսնում է բանակի հզորացման ճանապարհով
1 րոպեի ընթերցում

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հայաստանի զարգացումը տեսնում է տնտեսության զարգացմամբ, անվտանգությունը՝ բանակի հզորացմամբ, իսկ բանակի հզորացումը՝ լավ սպառազինություն գնելու մեջ։
«Հայ զինվորից խիզախ, նվիրված հայրենասեր զինվոր չկա։ Հայ զինվորին պակասում է ժամանակակից, վեցերորդ սերնդի ուժեղ սպառազինությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սյունիքում քարոզարշավային բակային հանդիպման ընթացքում ասել է կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Հանրապետություն» կուսակցությունը մայիսի 14-ին քարոզարշավ կանցկացնի Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում։
Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Հանրապետություն» կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից բաղկացած ցուցակ։