Քաղաքականություն

Մարուքյանն առաջարկում է սահմանափակել ԿԲ-ից դուրս եկող փորձառու աշխատակիցների՝ առևտրային բանկում աշխատելու հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Մարուքյանն առաջարկում է սահմանափակել ԿԲ-ից դուրս եկող փորձառու աշխատակիցների՝ առևտրային բանկում աշխատելու հնարավորությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խոստանում է հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաջողություն ունենալու դեպքում սահմանափակել առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսային շեմը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կենտրոնական բանկի շենքի մոտ անցկացված ակցիայի ընթացքում։ Ըստ Մարուքյանի՝ վերջին 5 տարիների ընթացքում ոչ մի քայլ չի արվել բարձր տոկոսադրույքների հետ կապված կարգավորումների կիրառման շուրջ։

«Վերջին հինգ տարիներին մենք ունեցել ենք իրավիճակ, որում Հայաստանի բանկային սեկտորը պարզապես գերշահույթ է ապահովել»,-նշել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը միջինում 6,7 տոկոսով գումար է տրամադրում առևտրային բանկերին, ինչից հետո այդ առևտրային բանկերը 16, 17, 18, 20 տոկոսով վարկեր են տալիս քաղաքացիներին։

«Մենք ժողովրդին առաջարկում ենք, որ մեզ տան հնարավորություն, որպեսզի հունիսի 7-ի ընտրություններից հետո ձևավորվելիք նոր խորհրդարանում կարողանանք Ազգային ժողովում գործել ու սահմանափակել Հայաստանի Հանրապետությունում վարկերի տոկոսի շեմը»,-շեշտել է Էդմոն Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը նաև առաջարկում է ներդնել սահմանափակում, որի համաձայն՝ Կենտրոնական բանկի կամ ՀՀ պետական ֆինանսական ոլորտում փորձ ունեցող անձը աշխատանքից դուրս գալուց հետո մի քանի  տարի իրավունք չունենա աշխատել մասնավոր առևտրային որևէ բանկում, որպեսզի չկարողանա պետական փորձն ու գիտելիքները ծառայեցնել հօգուտ մասնավոր շահերի։

Մարուքյանը խոսել է նաև քաղաքացիների անուններով առևտրային բանկերում կեղծ վարկեր ձևակերպելու խնդիրներից և դրանց արդյունքում հասարակ քաղաքացիների վարկային բեռի ավելացման մասին։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։

Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում