Ծառուկյանը Իջևանում քարոզարշավին պատմել է, թե ինչպես են կազմել նախընտրական ծրագիրը
3 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 13-ին այցելել են Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք նախընտրական քարոզարշավի շրջանակներում։
Կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրել է, թե ինչպես են կազմել իրենց նախընտրական ծրագիրը։
«Ես այս անգամ փոխել եմ ծրագիրը կազմելու մեթոդը, որ ոչ թե ինչ-որ մասնագետներ նստեն ու լուրջ դեմքով ծրագիր գրեն, այլ ասել եմ՝ շրջեք Հայաստանով մեկ, տարբեր ոլորտների մարդկանց հետ խոսեք, վեր հանեք խնդիրները։ Մենք վեր ենք հանել բոլոր խնդիրները և արդեն մասնագետների հետ տվել ենք դրանց լուծման առաջարկները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը կարևորել է նաև այն, որ պետական կարևոր պաշտոններում պետք է նշանակվեն փորձառու մարդիկ։ Նրա խոսքով՝ չլուծվող հարց չկա, պարզապես պետք է ղեկավարները ճիշտ մարդիկ լինեն։
«Մենք ծրագիրն էլ ունենք, թիմն էլ ունենք, ցանկությունն էլ ունենք, ոչ մի բանի կարիք էլ չունենք, միայն մեր ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու կարիքն ենք տեսնում»,- նշել է Ծառուկյանը։
Նա նաև խոսել է առողջապահությունը Հայաստանում անվճար դարձնելու անհրաժեշտության մասին։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։
Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։
ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։
Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։