Քաղաքականություն

Հայաստանի Շնորհապետական կուսակցության ներկայացուցիչները թռուցիկներ են բաժանել մայրաքաղաքում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Շնորհապետական կուսակցության ներկայացուցիչները թռուցիկներ են բաժանել մայրաքաղաքում

Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը մայիսի 12-ին քարոզարշավ  է անցկացրել մայրաքաղաք Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գուրգեն Սիմոնյանը համակիրների հետ շրջել է փողոցներով, քարոզչական թռուցիկներ բաժանել՝ կոչ անելով քաղաքացիներին գնալ ընտրության և քվեարկել իր օգտին։

Անդրադառնալով կուսակցության նախընտրական ծրագրին, մասնավորապես, արտաքին քաղաքականության ոլորտում՝ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը պետք է վարի իրատեսական և պրագմատիկ արտաքին քաղաքականություն։

«Մենք պետք է փորձենք ռազմավարական աստիճանի հասցնել Եվրամիության պետությունների  հետ մեր հարաբերությունները։ Աշխատելու ենք, որ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորվեն, Ադրբեջանի հետ էլ հավասարակշռված հարաբերությունների պետք է փորձենք հասնել»,-ասել է Սիմոնյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Գուրգեն Սիմոնյանի գլխավորած Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը մասնակցում է ընտրություններին՝ «Գործը ծնում է ուժ, ուժն՝ իրավունք», «Խաղաղությունը շքեղություն է, այն կարող են վայելել միայն ուժեղները» կարգախոսներով:

Ուժի քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 4-րդն է, ցուցակում ընդգրկված է 84 թեկնածու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում