«Լուսավոր Հայաստան»-ը ՀԿԱԾ բակում բողոքի ակցիա է իրականացրել. արձագանքել է նախարարը

3 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք  խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում բողոքի ակցիա է իրականացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) շենքի մոտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշել է, որ ակցիան նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այն «զանգվածային իրավախախտումների» վրա, որոնք, ըստ Մարուքյանի, տեղի են ունենում այս կառույցի միջոցով։

«Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ իրենց տունը կամ մեքենան կալանքի տակ են հայտնվել չվճարված ընդամենը 5 հազար դրամի պատճառով։ Իրական արդարադատության բացակայությունը շարունակվում է հենց այս կառույցի միջոցով»,-նշել է Մարուքյանը։

Նա նաև քննադատել է այն երևույթը, որ «ՀԿԱԾ-ը մարդկանց հաշիվների վրա կալանքը դնում է ակնթարթորեն, սակայն այն հանելու գործընթացը կարող է ամիսներ տևել»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշոյանն էլ իր հերթին նշել է, որ պետությունն այսօր սահմանափակվում է ընդամենը երկու գործառույթով՝ հսկել և պատժել։

«Մենք չենք խոստանում վերացնել բոլոր տուգանքները, մենք խոստանում ենք դրանք դարձնել արդարացի։ Պետությունը չպետք է դահիճ լինի»,- նշել է Փաշոյանը։

Ակցիայի ավարտին ՀԿԱԾ շենքից դուրս է եկել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ բանավեճի բռնվելով Էդմոն Մարուքյանի հետ։

Սրբուհի Գալյանն Արդարադատության նախարարության  կազմում գործող ՀԿԱԾ-ի գործունեության վերաբերյալ դրական վերաբերմունք է արտահայտել՝ կարծիք հայտնելով, որ Էդմոն Մարուքյանի նշած դեպքերն իրականությանը չեն համապատասխանում, համակարգը լավ է աշխատում։

«Ինչպե՞ս այլ կերպ ապահովենք մյուս քաղաքացիների պարտավորությունները, ինչպե՞ս պետք է քաղաքացին ակնկալի, որ իր վերաբերյալ դատական բարենպաստ ակտը կատարվի։ Մարդը պետության անբաժանելի մասն է, և ժողովուրդը պետության անբաժանելի մասն է։ Մարդն ամեն ինչի կենտրոնում է և, հետևաբար, ՀԿԱԾ-ի գործառույթը նաև մարդկանց իրավունքների պաշտպանությունն է և հատկապես այն մարդկանց, որոնց վերաբերյալ կան բարենպաստ դատական ակտեր։ Կարծում եմ, որ քաղաքացիների համար շատ կարևոր է, որ պետության իրավունքները լինեն պաշտպանված՝ որոշ դեպքերում մեր անբարեխիղճ քաղաքացիներից»,-նշել է Սրբուհի Գալյանը, ինչին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը համոզմունք է հայտնել, որ պետք է այլ համակարգ ներդրվի։

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։

Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի