Արման Թաթոյանն առաջիկա խորհրդարանական ընտրությունները պատմական է համարում Հայաստանի համար

3 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում են՝ կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորությամբ։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նշել է, որ իրենց համար միշտ կարևոր է եղել մարդկանց հետ շփվելը, նրանց խնդիրները հասկանալը։

Թաթոյանն ընդգծել է, որ առաջիկա ընտրությունները պատմական նշանակություն ունեն Հայաստանի համար։ «Իսկապես սրանք շատ կարևոր ընտրություններ են, մենք ճակատագրական որոշում պետք է կայացնենք։ Եվ մենք չպետք է թողնենք, որ ուրիշները մեր փոխարեն որոշում կայացնեն, մենք պետք է որոշումը կայացնենք՝ յուրաքանչյուր մարդ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Թաթոյանը։

Խոսելով գյուղատնտեսության ոլորտում իրենց առաջարկած ծրագրից՝ Թաթոյանն ընդգծել է, որ ունեն գյուղատնտեսությունը զարգացնելու կոնկրետ, մասնագիտական ծրագիր, ոչ թե պարզապես օդից վերցրած խոսքեր։ «Խոսքը ոռոգման համակարգերի բարելավումից, ոռոգման համար վճարներից մինչև գյուղմթերքի արտադրության մասին է։ Մենք նախատեսում ենք նաև հատուկ կայաններ, որոնք պետք է մարդկանց ուղեկցեն բերքի համար շուկաներ որոնելու ճանապարհին, նաև պետք է լինեն մթերման կայաններ, ապահովագրություն։ Սրանք հենց այնպես ծրագրեր չեն, վերցված են միջազգային փորձից»,- մանրամասնել է Արման Թաթոյանը։

Նա խոսել է նաև կրթության ոլորտում իրենց ուժի ներկայացրած ծրագրերից՝ շեշտելով, որ շատ կարևոր է, որ մարզաբնակ երիտասարդները մնան իրենց բնակավայրերում, ոչ թե դպրոցն ավարտելուց հետո հեռանան իրենց բնակավայրերից։ Թաթոյանի խոսքով՝ դրա համար երիտասարդները պետք է ստանան որակյալ կրթություն, ապահով կյանքի երաշխիք ու աշխատանք։ «Կրթությունը պետք է ծնողի վրա բեռ չլինի, և մենք դա կանենք»,- նշել է Թաթոյանը։

Արման Թաթոյանն ու կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը նաև լսել են բնակիչների խնդիրները, պատասխանել նրանց հարցերին։

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։

Հայերեն Español Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է