Քաղաքականություն

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավի շրջանակներում իրազեկման ակցիա է իրականացրել Շենգավիթում

3 րոպեի ընթերցում

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավի շրջանակներում իրազեկման ակցիա է իրականացրել Շենգավիթում

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրել է իրազեկման ակցիա՝ հանրությանը տեղեկացնելով խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության և ծրագրերի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ցուցակի 10-րդ համար Արմեն Ադամյանն ընդգծել է, որ իրազեկման ակցիան կազմակերպվել է այն պատճառով, որ «2020 թվականին «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ձևավորումից ի վեր՝ կուսակցությունը գտնվել է մեդիա բլոկադայի մեջ»:

«Սակայն 5-6 տարվա աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց որոշ չափով ճեղքել այդ բլոկադան։ Ժողովրդի մի հատված արդեն ճանաչում է մեզ, և մենք խնդիր ունենք մեր ժողովրդին հասցնելու, որ մասնակցում ենք այս ընտրություններին՝ որպես ազգային ուժ։ Մենք ցանկանում ենք մեր ընտրողին հնարավորություն տալ քաղաքական դաշտում առկա ուժերի ցանկում կատարել իսկապես ազգային նպատակներ հետապնդող, ազգային պետություն կառուցելու ունակ ուժի ընտրություն և փոխել Ազգային ժողովում 2021 թվականից ի վեր ձևավորված քաղաքական դասավորությունը»,- ասել է նա։

Անդրադառնալով Ազգային ժողով մտնելու դեպքում իրենց անելիքներին՝ Ադամյանը նշել է, որ այն աշխատանքը, որը տարիներ շարունակ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը կատարել է թե՛ արտերկրում՝ մասնավոր լոբբիստական գործունեության միջոցով, թե՛ երկրի ներսում՝ ժողովրդին ծրագրերը ներկայացնելով և առկա մարտահրավերներին իր լուծումները առաջարկելով, շարունակելու են արդեն որպես խորհրդարանական ուժ։

Ադամյանի խոսքով՝ իրենք պետք է լինեն համառ և հույս ունեն, որ ժողովուրդը կկանգնի իրենց կողքին, կլսի իրենց ձայնը և իր քվեով հնարավորություն կտա խորհրդարանում ունենալ ժողովրդի շահերը պաշտպանող և ազգային նպատակներ հետապնդող ուժ։

Նա հավելել է, որ քարոզարշավը իրականացնելու են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, որը ներկայում անազատության մեջ է. 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով Վարուժան Ավետիսյանը 2021 թվականին դատապարտվել է 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման։

Թեև նրա անունը ներառված չէ ընտրական ցուցակում, քաղաքական ուժը հայտարարել է, որ հենց նա է մնում իրենց վարչապետի թեկնածուն։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8 համարի ներքո և ԿԸՀ է ներկայացրել 101 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։ Կուսակցության կարգախոսն է՝ «Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում