«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են Ագարակի և Մեղրիի բնակիչների հետ

3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Ագարակն ու Մեղրին մեծ տնտեսական ներուժ ունեն և ապագայում աշխատատեղերի պակաս չեն ունենալու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կարապետյանն ասել է Ագարակի ու Մեղրիի բնակիչների հետ հանդիպմանը։

«Սյունիքը ու Մեղրին դատապարտված է լավ ապրելու»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի բնական պաշարներն ու աշխարհագրական դիրքը հնարավորություն են տալիս ապահովելու տնտեսական զարգացում։

«Այն հանածոները, այն հարստությունը, այն սահմանը, որ ունի Մեղրին, Ագարակը, չի կարող թույլ տալ, որ մարդիկ վատ ապրեն»,- հայտարարել է նա։

Կարապետյանը նաև ներկայացրել է կուսակցության ծրագրային մոտեցումները գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես մրգի մթերման և արտահանման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ նախատեսվում է ստեղծել մթերման կայաններ, որոնք հնարավորություն կտան գյուղացիներին ավելի բարձր գներով վաճառել արտադրանքը։

«Եթե մթերումը կազմակերպենք կայաններով, մեծ պայմանագրեր կկնքվեն և հնարավորություն կլինի գները բարձրացնելու»,- նշել է նա։

Կարապետյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին։

«Ամբողջ ԵԱՏՄ շուկայի միակ սահմանը Իրանի հետ սա է, բայց Հայաստանը երբեք սա չի օգտագործել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը կարող են դառնալ տարանցիկ ուղի Իրանի և Ռուսաստանի միջև։

«Դուք չեք պատկերացնում՝ ինչ շարժ է սկսվում։ Այս տարածքը աշխատավարձի խնդիր չի ունենալու, տների խնդիր է ունենալու»,- հայտարարել է Կարապետյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։   

 

 

 

Հայերեն Русский

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան