Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան»-ը խաղաղության համար անհրաժեշտ է համարում որևէ հզոր երկրի երաշխավորությունը

3 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան»-ը խաղաղության համար անհրաժեշտ է համարում որևէ հզոր երկրի երաշխավորությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պետք է երաշխավորված լինի որևէ հզոր պետության կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գագիկ Ծառուկյանն ասել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակում։

Նրա խոսքով՝ աշխարհի որևէ հզոր պետություն պետք է որպես երաշխավոր ստորագրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, որով կշեշտվեն նաև երկու երկրների սահմանները, իսկ խախտողի համար կսահմանվի  համապատասխան պատիժ։

«Այդ ժամանակ մենք պատերազմի դռներն ամուր փակում ենք և զբաղվում ենք զարգացմամբ, բարեկեցությամբ»,-ասել է Ծառուկյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի կարծիքով՝ Հայաստանում պետք է հրաժարվել Բոլոնիայի գործընթացի շրջանակներում իրականացվող կրթական ծրագրերից, քանի որ այն ոչինչ չի տվել՝ միայն ավելացնելով աշակերտի ուսման տևողությունը 2 տարով։

Նա կարևորել է նաև պետության կողմից աջակցությունը, որպեսզի ներվեն այն քաղաքացիների վարկերը, որոնք հասնում են մինչև 3 միլիոն դրամի։

«Երկու միլիոն 200 հազար մարդ վարկերից կազատվի և հնարավորություն կունենա իր աշխատած գումարով իր ընտանիքը պահել»,-ընդգծել է Ծառուկյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։

Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։

ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։

Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում