Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն
2 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ ՀՀ դրամ (առանց՝ ԱԱՀ), որի մոտ 75-80%-ը կազմում են աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու տարատեսակ նյութերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:
Պետրոսյանի խոսքով՝ այս պահին ինտենսիվ ընթանում են կապալի (շինարարական) աշխատանքների ձեռք բերման մրցույթների ամփոփման և պայմանագրերի կնքման գործընթացները, և բառացիորեն օրեր անց կմեկնարկեն բուն աշխատանքները։
«Անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռք բերման գործընթացները ևս իրականացվում են բացառապես բաց, թափանցիկ, մրցութային եղանակով, որոնց 35-40%-ն արդեն իրականացվել է, և հսկայածավալ մատակարարումներն ընթացքի մեջ են»,-գրել է նա՝ հավելելով, որ ընթացիկ փուլում ՀԾԿՀ կողմից սահմանված՝ ՀԷՑ-ում գնումների կարգավորումներին խիստ համապատասխան և ՀՀ հանրային գնումների օրենսդրությանն առավելագույնս մոտարկված ընթացակարգերով ձեռք են բերվել ավելի քան 12,2 մլրդ ՀՀ դրամի ապրանքանյութական արժեքներ, որոնց համար ՀԷՑ-ի 2026թ. գնումների պլանում նախատեսված էր շուրջ 16,7 մլրդ ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ։
«Ըստ այդմ. այս փուլի համար՝ միայն 2026 թվականի Ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում, բացառապես մրցության և ներառական գնումների արդյունքում ՀԷՑ-ում ունենք ավելի քան 4,5 մլրդ ՀՀ դրամի խնայված ֆինանսական միջոցներ, որոնք ամբողջովին ուղղվելու են բաշխման ցանցի ենթակառուցվածքների արդիականացմանը։ ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,-հավելել է Ռոմանոս Պետրոսյանը։