«Ուժեղ Հայաստան»-ը Գորիսում հանրահավաք է անցկացրել
3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը հանրահավաք է անցկացրել Գորիսում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես է եկել կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նա հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է փոխել քաղաքական իրավիճակը։ «Պետք է երկրում իրավիճակ փոխենք։ Աշխարհի 80-րդ երկիրը չպետք է մեզ հաթաթա տա»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանը կարող է պաշտպանել իր շահերը։ «Սա այն դարը չէ, որ կարողանան ուղղակի ասել՝ սա Արևմտյան Ադրբեջան է, և վերջ»,- հայտարարել է Կարապետյանը։
Ըստ նրա` տարածաշրջանում կան ուժեր և պետություններ, որոնք շահագրգռված են Հայաստանի գոյությամբ ու կայունությամբ։
Կարապետյանն անդրադարձել է նաև կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանի քաղաքական ներգրավվածությանը։
«Սամվել Կարապետյանը այս գործընթացի մեջ սկզբունքորեն մտել է, մինչև վերջ գնալու է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ երկրում անհրաժեշտ է իրականացնել նոր քաղաքական փոփոխություն։ Կուսակցությունը ցանկանում է իրականացնել մեծ և հայրենանվեր գործեր և քաղաքացիներին կոչ է անում աջակցել իրենց։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։