Քաղաքականություն

ԴՕԿ կուսակցությունը խոստանում է ընտրություններից հետո կառուցել «Արևային Հայաստան»

2 րոպեի ընթերցում

ԴՕԿ կուսակցությունը խոստանում է ընտրություններից հետո կառուցել «Արևային Հայաստան»

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին փուլ առ փուլ ներկայացվելու են ընտրություններից հետո իրականացվելիք ռազմավարական և ծրագրային դրույթները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Բաղդասարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Գրառման մեջ նշվում է, որ կուսակցությունը նպատակ ունի կառուցել «Արևային Հայաստան»։

«Հայաստան, որտեղ օրենքը լինելու է ոչ թե իշխանավորի մահակ, այլ՝ քաղաքացու վահան։ Հայաստան, որտեղ աշխատող մարդը այլևս չի նվաստացվելու, թոշակառուն չի գոյատևելու ողորմությամբ, գյուղացին չի լքելու իր հողը, զինվորը չի լինելու մոռացված»,- ասված է հրապարակման մեջ։

Բաղդասարյանի խոսքով՝ կուսակցությունը Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ պատրաստվում է իրականացնել «օրենքի դիկտատուրայի» վրա հիմնված քաղաքականություն։

Չնայած այն հանգամանքին, որ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գրանցումը ԿԸՀ-ի կողմից մերժվել է՝ վերջին տարիներին Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, քաղաքական ուժը շարունակում է մասնակցությունը ընտրություններին։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Կուսակցությունը շարունակում է վարչապետի թեկնածու համարել Վարդան Ղուկասյանին։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 93 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ և ընտրություններին մասնակցում է 15 համարի ներքո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում