Ռոբերտ Քոչարյանը Գեղամասարում խոսել է սահմանամերձ բնակավայրերում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին
4 րոպեի ընթերցում
«Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը հանդիպումներ է անցկացնում Գեղարքունիքի մարզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքի ներկայացուցիչները նախատեսել են այցելություններ Գեղամասար, Վարդենիս, Մարտունի և Գավառ։
Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գեղամասարում ունեցած ելույթում հայտարարել է, որ պատերազմից հետո մարզում անվտանգային և տնտեսական լուրջ խնդիրներ էին առաջացել։ Իսկ առավել վտանգավոր է այն, որ հարևան պետությունը հավակնություններ ունի այդ տարածքների նկատմամբ։
«Երբ ասում է «Արևմտյան Ադրբեջան», այս տարածքներն է նկատի ունենում։ Երբ ասում է՝ «Գյոյչա»-ն իրենց լիճն է, այս տարածքներն են իր մտքում»,- հայտարարել է նա։
Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ճիշտ գնահատի աշխարհաքաղաքական իրավիճակը՝ նոր սպառնալիքներից խուսափելու համար։ «Եթե սխալ կողմնորոշվենք, եթե չհասկանանք՝ ինչ է կատարվում, իսկապես ևս մեկ փորձանք կարող ենք ունենալ»,- ասել է նա։
Դաշինքի առաջնորդն անդրադարձել է նաև սահմանամերձ բնակավայրերում աշխատատեղերի խնդրին՝ նշելով, որ հատկապես անասնապահությամբ զբաղվող բնակիչները խնդիրներ ունեն արոտավայրերի սահմանափակման պատճառով։
«Այստեղ պետք է ստեղծել աշխատատեղեր։ Կարող է դա լինել հողագործություն, կարող է ենթադրել նաև արտոնություններ փոքր և միջին արդյունաբերական օբյեկտներ կառուցելու համար, բայց կարևորագույն հարցը աշխատատեղերն են»,- նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերում մարդկանց պահելը երկրի անվտանգության կարևոր պայման է։
«Մեր խնդիրը հետևյալն է՝ բոլոր սահմանամերձ շրջաններում այնպես անել, որ մարդիկ մնան, աշխատեն։ Այլ տարբերակ փոքր երկրի համար սեփական երկիրը պահելու համար ուղղակի չունենք։ Հայաստանը չի կարող միայն Երևանը լինել»,- հայտարարել է նա։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։
Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։