«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավը սկսել է թելեթոն-հանգանակությամբ
2 րոպեի ընթերցում

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է թելեթոն-հանգանակությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքական ուժը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է, որ արդեն ձևավորվել են քարոզչական խմբերը և մեկնարկել է նախընտրական աշխատանքը։
Կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիներին հրավիրել են միանալ քարոզարշավին և համալրել թիմերը՝ այցելելով կենտրոնական գրասենյակ։ «Բևեռի քարոզչական խմբերն արդեն ձևավորված են և սկսել են աշխատանքը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ մեզ, համալրել մեր թիմերն ու մասնակցել քարոզչությանը, կարող են մոտենալ Բևեռի կենտրոնական գրասենյակ»,- նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը ձևավորվել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» շարժման հիման վրա և հանդես է գալիս Հայաստանի ինքնիշխանության ուժեղացման, Ռուսաստանի ազդեցության նվազեցման, եվրոպական և արևմտյան ուղղության խորացման, բանակի վերազինման, ինչպես նաև հակակոռուպցիոն և համակարգային բարեփոխումների օգտին։
Կուսակցության վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, որը ներկայում գտնվում է անազատության մեջ։ Թեև նրա անունը ներառված չէ ընտրական ցուցակում, քաղաքական ուժը հայտարարել է, որ հենց նա է մնում իրենց վարչապետի թեկնածուն։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8 համարի ներքո և առաջադրել է 101 թեկնածու։ Կուսակցության կարգախոսն է՝ «Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն»։