Քաղաքականություն

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբոսայգում

2 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբոսայգում

Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով` մայիսի 9-ին «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները` Արման Թաթոյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբոսայգում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը` մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում խորհրդարանական ընտրություններին մասնակից «Միասնության թևեր»-ի ղեկավար Արման Թաթոյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշել է, որ իր համար այս օրը Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրն է, ինչպես նաև իր հայրենակիցների և ժողովրդի՝ այդ հաղթանակում ունեցած մեծագույն ներդրման խորհրդանիշը՝ ոչ միայն մարտի դաշտում, այլև թիկունքում։

«Մենք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ունեցել ենք նաև հզոր նախարարներ, կառավարությունում աշխատող մարդիկ, որոնք պահել են թիկունքը, տանկեր, զենքեր ու զինատեսակներ են ստեղծել, հաց են ապահովել, որպեսզի մենք կարողանանք թիկունքում ուժեղանալ և մարտի դաշտում էլ պայքարել։ Մենք օրինակ ենք եղել։ Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ես ընդամենը, օրվա խորհուրդը չխախտելով, պարզապես ասեմ, որ հայ և ռուս ժողովուրդների միջև դարավոր բարեկամություն է եղել, և այդ բարեկամությունը մենք իրավունք չունենք մոռանալու, չենք էլ կարող՝ մշակութային կապերի շնորհիվ։ Բացի այդ, մենք ունենք տասնյակ հազարավոր հայրենակիցներ, որոնք գնում են ՌԴ՝ իրենց հանապազօրյա հացը վաստակելու, ինչպես նաև այնտեղ ապրող բազմաթիվ հայրենակիցներ»,- ասել է Թաթոյանը:

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 6-րդ է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում