Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավի երկրորդ օրը Սյունիքում է

3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավի երկրորդ օրը Սյունիքում է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը մեկնել են Սյունիքի մարզ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ներկայացուցիչները նախատեսում են հանդիպումներ և հավաքներ Սիսիանում, Գորիսում և Կապանում։

Կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ ճանապարհին կանգառ են ունենալու նաև Տափերական գյուղում, իսկ վերադարձին նախատեսված են հանդիպումներ Վայքում և Եղեգնաձորում։

Քարոզարշավից առաջ կուսակցության անդամներն այցելել են նաև Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին։

Կուսակցության խորհրդի անդամ, ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ապագայում հայ անունն ու հաղթանակը պետք է մշտապես ուղեկցեն միմյանց։

«Մեր պապերի ու հարյուր հազարավոր զավակների արյամբ վաստակած հաղթանակը պետք է արժևորենք»,- նշել է նա։

Նրա պնդմամբ՝ Հայաստանի բարեկեցությունն ու սփյուռքահայերի վերադարձը երկիր պետք է դառնան ապագա հաղթանակների հիմքը։

«Լավ ապրելն ու սփյուռքահայերի վերադարձը Հայաստան կլինի այն հաղթանակը, որը կապացուցի բոլորին հաղթելու կարողությունը»,- հայտարարել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։

Կուսակցության անվտանգության ծրագրի հիմնական դրույթը ներկայացվում է «Ուժեղ խաղաղություն» ձևակերպմամբ։

Կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանը ներկայացրել է նաև «5 տնտեսական քայլեր» ծրագիրը, որը ներառում է 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծում՝ հատկապես մարզերում, փոքր բիզնեսի համար 0% հարկի սահմանում, ինչպես նաև պայմանների ստեղծում, որպեսզի հայրենակիցներն ապրեն և աշխատեն հայրենիքում։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում