Մեր խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը հավատա մեզ. Արման Թաթոյան
3 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը հայտարարել է, որ իրենց նպատակը Հայաստանի շահերից բխող քաղաքական օրակարգ ձևավորելն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում Թաթոյանը նշել է, որ առաջիկա ընտրությունները ներկայացվում են արտաքին ուժերի հետ հարաբերությունների կառուցման համատեքստում։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը չպետք է կանգնի Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու առաջ. «Մենք ասում ենք, ոչ, մենք հայերս հազարավոր տարիների պատմություն ունեցող հերոսական ժողովուրդ ենք, մենք հիմա ունենք անկախ պետականություն և ինքնիշխանություն, և մենք պետք է ընտրություն անենք՝ ելնելով մեր շահերից, ելնելով նրանից, թե մենք ինչ ենք ուզում»։
Նա նշել է, որ տարիներ շարունակ քաղաքական գործիչները ընտրությունից ընտրություն մարդկանց խոստումներ են տվել, հետո գնացել ու կորել են, և դրա հետևանքով մարդկանց մոտ նաև վստահության պակաս կա։ «Հիմա մեր խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը հավատա մեզ»,- ասել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ իրենց «Արդարությունը գալիս է» կարգախոսն այն մասին է, որ մարդը պետք է Հայաստանում լավ ապրի, ստանա կրթություն, ունենա աշխատանք ու ապրի ապահով երկրում։ «Արդարությունը նաև սոցիալական խնդիրների մասին է, աշխատանք ունենալու մասին է»,- մանրամասնել է Թաթոյանը՝ նշելով, որ Հայաստանի բնակավայրերում մարդկանց հետ շփումների ընթացքում ամենաշատ բարձրացվող հարցը աշխատատեղերի հարցն է։
Նա նաև պարզաբանել է, թե ինչու են որոշել քարոզարշավը սկսել Տավուշի մարզի Գոշ բնակավայրում գտնվող Գոշավանքից։
«Մենք քարոզարշավը որոշեցինք սկսել Գոշավանքից, որովհետև այն արդարությունն է խորհրդանշում, իսկ արդարությունն ու իրավունքը կարևորագույն արժեքներ են»,- ասել է Թաթոյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։