Քաղաքականություն

Ակտիվություն սոցցանցերում, բակային հանդիպումներ. «Նոր ուժ»-ը՝ քարոզարշավի իր ռազմավարության մասին

3 րոպեի ընթերցում

Ակտիվություն սոցցանցերում, բակային հանդիպումներ. «Նոր ուժ»-ը՝ քարոզարշավի իր ռազմավարության մասին

«Կառուցենք կարգին երկիր» կարգախոսով հանդես եկող «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության համար Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է ոչ թե մայիսի 8-ին՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը, այլ շատ ավելի վաղ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Հակոբ Կարապետյանն ընդգծեց՝ թեև քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ից, շատ քաղաքական ուժեր, ինչպես նաև իրենց ուժը, քարոզարշավը դեռ շատ ավելի վաղ էին սկսել։

«Շատ քաղաքական ուժեր՝ այդ թվում մենք, օրենքի շրջանակներում ներկայացրել ենք մեր քաղաքական ուժի պատկերացումները եղած իրավիճակի և մեր առաջարկների վերաբերյալ։ Մասնավորապես, մեր ուժի առաջնորդ Հայկ Մարությանը իր սոցիալական ցանցերի էջերում հրապարակում է  հումորային էլեմենտներ պարունակող կամ այդպիսիք չպարունակող հոլովակներ»,-ասաց նա՝ նշելով, որ այդ հոլովակների հրապարակումը ևս նախընտրական քարոզչության մաս են։

Կարապետյանի խոսքով՝ իրենց ուժը շարունակելու է քարոզարշավը ոչ միայն սոցիալական մեդիայում ակտիվությամբ, այլ նաև բակային հանդիպումներ անցկացնելով մայրաքաղաք Երևանում և երկրի այլ բնակավայրերում։  

Նա նշել է, որ իրենց ֆինանսական ռեսուրսները շատ չեն, հետևաբար փորձելու են սուղ միջոցները մաքսիմալ արդյունավետ օգտագործել։

«Նոր ուժ» կուսակցության կարևորագույն ծրագրերից է երիտասարդ ընտանիքներին, աշխատող մարդկանց կյանքում զգալի փոփոխություն մտցնելը։ «Մենք առհասարակ աշխատանքային իրավունքի հեղափոխական վերանայում ենք առաջարկում»,-հավելեց նա։ 

«Նոր ուժ»  կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է:

«Նոր ուժ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական 7 դրույթներն են.

1.      Եվրոպականացումը՝ որպես զարգացման և արտաքին քաղաքականության գերակայություն։

2.      Արգելել օնլայն խաղատները և շահումով խաղերը։

3.      Կտրուկ ավելացնել բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունները (֏5մլն նպաստ՝ 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային)։

4.      Զարկ տալ սոցիալական բնակարանաշինությանն ու թարմացնել բնակֆոնդը։

5.      Հարկային բեռի թեթևացում (շրջանառության հարկ՝ 5%  ներկայիս 10%-ի փոխարեն, շրջհարկի առավելագույն շեմը դարձնել ֏200 մլն)։

6.      Չեղարկել կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետը։

7.      Ապահովել անվճար բարձրագույն կրթություն։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում