Բուլղարիայի ազգային լրատվական գործակալության տնօրենը Հայաստան այցի հագեցած օրակարգ ուներ
7 րոպեի ընթերցում
Բուլղարիայի ազգային լրատվական գործակալության՝ BТА-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Վալչևը, որը ՀՀ արտաքին գործերի նախարարության հրավերով Երևան է ժամանել «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով, մայիսի 4-ին այցելեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն։
Նրան դիմավորեց գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, ծանոթացրեց գործակալության ստեղծման պատմությանը և ժամանակակից հնարավորություններին, պատմեց պատմական իրադարձությունների մասին, որոնք լուսաբանել է 107-ամյա գործակալությունը, ներկայացրեց լրատվամիջոցի զարգացման տեսլականը։
Գործընկերները քննարկեցին երկկողմ համագործակցության խորացման ուղիներին, մասնագիտական փորձի փոխանակմանը, ինչպես նաև արագ փոփոխվող մեդիա միջավայրում համագործակցության նոր ձևաչափերի որոնմանն առնչվող հարցեր։ Ընդգծվեց ազգային լրատվական գործակալությունների դերը հանրային տեղեկացվածության բարձրացման և երկրների միջև կապերի ամրապնդման գործում:
«Մենք ապրում ենք մեդիա դաշտի արագ փոփոխությունների ժամանակաշրջանում, որտեղ թվայնացումը, նոր տեխնոլոգիաները և հատկապես արհեստական բանականությունը վերաձևավորում են նորությունների ստեղծման, տարածման և սպառման ողջ շղթան։ Այս պայմաններում մեր գործընկերությունը ձեռք է բերում նոր կարևորություն՝ փորձի փոխանակման, նոր գործիքների արդյունավետ կիրառման և վստահելի տեղեկատվության ապահովման տեսանկյունից»,-ասաց Նարինե Նազարյանը։
Նա վստահ է, որ Կիրիլ Վալչևի այցը լավ հնարավորություն է՝ ամփոփելու արձանագրված արդյունքները, ինչպես նաև նախանշելու նոր ուղղություններ՝ տեղեկատվական փոխանակման, համատեղ նախագծերի և միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնման համար։
Կիրիլ Վալչևը Հայաստանում եղել է 22 տարի առաջ։ «Նախորդ անգամ ընդամենը երկու օր եմ անցկացրել այստեղ, բայց հասցրի նկատել, որ քաղաքը մուգ է, կյանքն այնքան էլ տպավորիչ չէ։ Այս անգամ շատ զարմացած եմ, քանի որ տեսնում եմ, թե ինչ առաջընթաց է գրանցել Երևանը՝ գեղեցիկ այգիներ, նոր շենքեր, լուսավոր փողոցներ, իսկ մարդիկ շարունակում են բարեկամասեր լինել։ Կարծում եմ՝ Դուք պետք է հպարտանաք այդ ամենով»,-նշեց նա։
«Արմենպրես»-ը և BТА-ն ունեն փոխգործակցության երկարամյա պատմություն, որը սկիզբ է առել 2004 թվականին՝ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ։ Այս համագործակցությանը նոր շունչ հաղորդվեց 2022 թվականին Սոֆիայում Նարինե Նազարյանի և Կիրիլ Վալչևի միջև նոր գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ, որի շնորհիվ ներկայում երկու գործակալություններն ամենօրյա ռեժիմով փոխանակվում են առնվազն մեկ լրատվական նյութով՝ ապահովելով ավելի լայն և բազմազան միջազգային տեղեկատվական հոսք իրենց լսարանների համար։ Փաստաթղթի ստորագրումից ի վեր BTA-ը «Արմենպրես»-ին հղումով ավելի քան 600 նյութ է հրապարակել։
«Բուլղարիայում հայկական մեծ համայնք կա, երկրի որոշ քաղաքներում հայկական եկեղեցիներ, դպրոցներ են գործում, և BTA-ը հաճախ է անդրադառնում Բուլղարիայում ապրող հայերին։ Դուք երբեք այդ ամենը չեք գտնի այլ գործակալությունների լրահոսում։ Մեզ էլ հետաքրքիր են Հայաստանում բիզնեսի հնարավորություններին, զբոսաշրջությանը վերաբերող հոդվածները»,-ընդգծեց Վալչևն ու հավելեց՝ հույս ունի, որ շուտով կվերականգնվեն Հայաստան-Բուլղարիա ուղիղ չվերթները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը։
Համագործակցության կարևոր նպատակներից է նաև լրագրողների միջև փորձի փոխանակումը։ «Հունիսին Հայաստանում նախատեսում ենք լուսաբանել խորհրդարանական ընտրությունները։ Չի բացառվում, որ «Արմենպրես»-ից ևս լրագրողներ գան մեր երկիր՝ գրավիչ, կարևոր ու հետաքրքիր միջոցառումներ լուսաբանելու համար։ Այդ պարագայում ևս մենք կարող ենք շատ օգտակար լինել միմյանց, քանի որ կարիք չենք ունենա նաև լուսանկարիչներ կամ օպերատորներ ուղարկել Հայաստան և հակառակը»,-ասաց նա։
Վալչևն «Արմենպրես»-ի գրասենյակում հանդիպում ունեցավ աշխատակիցների հետ, եղավ ֆոտո արխիվի բաժնում, ինչպես նաև շրջեց փոդքասթի ու մամուլի սրահներում։
Գործակալություն այցին հաջորդեց ճանաչողական այցը Գառնու պատմամշակութային համալիր, Գեղարդ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է, և Խոր Վիրապ վանական համալիր։
Վալչևը եղավ նաև Սբ Էջմիածնի Մայր տաճարում, այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանի ուղեկցությամբ BTA-ի տնօրենը Գյումրիում ներկա էր նաև «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին, որին պատվավոր հյուր էին և հավաքվածներին ողջունեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Վալչևը Գյումրիում կարճ զրույց ունեցավ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ. զրուցակիցները կարևորեցին լրատվական կամուրջներն ամրացնելու անհրաժեշտությունը։ Նման այցերը լրացուցիչ խթան են, որպեսզի և լրատվամիջոցները միմյանց լավ ճանաչեն, և օգնեն հասարակություններին ավելի լավ հասկանալու միմյանց։
Կիրիլ Վալչևը մասնակցեց նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովին, որին հրավիրված էին տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու գլոբալ մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Համաժողովի բացմանը ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի նախագահ Ալեն Բերսեն։