Ես աջակցում եմ իմ այս գործընկերոջը, ում վստահում եմ ութ տարի շարունակ. Մակրոնը՝ Փաշինյանի մասին
3 րոպեի ընթերցում

Անհրաժեշտ է տարբերել օտարերկրյա միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը, բաց երեսով ստանձնվող քաղաքական դիրքորոշումներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին:
Լրագրողը հիշեցրել է, որ Մակրոնը խոսել է Հայաստանի ընտրություններում ռուսական միջամտության մասին ու հետաքրքրվել է՝ արդյո՞ք Ֆրանսիայի նախագահի աջակցությունը Փաշինյանին նույնպես օտարերկրյա միջամտություն չէ:
«Անհրաժեշտ է տարբերել օտարերկրյա միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը բաց երեսով ստանձնվող քաղաքական դիրքորոշումներից: Ես ստանձնում եմ այս աջակցությունը: Ես աջակցում եմ իմ այս գործընկերոջը, ում վստահում եմ ութ տարի շարունակ, ինչպես դա արել եմ՝ աջակցելով (Մոլդովայի նախագահ, - խմբ) Մայա Սանդուին, ով դիմակայում էր ոչ եվրոպական այլընտրանքի: Ես լիովին ստանձնում եմ Եվրոպան պաշտպանելու այս որոշումը: Դա նույնը չէ, ինչ այդ ազդեցությունները, տեղեկատվության մանիպուլյացիաները լրատվամիջոցների միջոցով, կեղծ ինֆորմացիա տարածելու միջոցով իրավական պետությունը ապակայունացնելու փորձերը: Տարբերությունը սրանում է: Բոլոր հարաբերություները բացահայտ ներկայացված են, շատ պետությունների ղեկավարներ աջակցել են Մոլդովային: Այստեղ միջամտության մասին խոսք չկա: Այստեղ բաց երեսով աջակցություն է: Ու հակառակը, կան այլ միջամտություններ, օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը: Ես հնչեցնում եմ իմ փաստարկները, ես մասնակցում եմ ժողովրդավարությանը որպես Ֆրանսիայի նախագահ: Ես չեմ կեղծում: Ահա այդ տարբերությունը, կարևոր է դա հիշել», - նշել է Մակրոնը:
ՀՀ վարչապետ Փաշինյանը, իր հերթին պատասխանելով նույն լրագրողի՝ «մինչև ո՞ւր դուք կարող եք գնալ ԵՄ հետ մերձեցման առումով», նշել է.
«Այս հարցին ես պատասխանել եմ 2023թ-ին Եվրոպական խորհրդարանում իմ ելույթում: Հայաստանը պատրաստ է ԱՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի»: