Իրանի հետ հրադադարը դեռ ուժի մեջ է՝ չնայած Հորմուզի նեղուցում գործողությանը. Պենտագոնի ղեկավար
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի պաշտպանության գործողությունը ժամանակավոր է, Վաշինգտոնը կռիվ չի փնտրում, և Իրանի հետ հրադադարը դեռ ուժի մեջ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հրադադարն ավարտված չէ։ Մենք ասացինք, որ պաշտպանություն կիրականացնենք և դա կանենք ագրեսիվ կերպով, և միանշանակ արել ենք դա։ Իրանը դա գիտի, և, ի վերջո, նախագահը կարող է որոշում կայացնել՝ արդյոք իրավիճակը պետք է սրվի և վերածվի հրադադարի խախտման», - ասել է Հեգսեթը մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 4-ին մեկնարկել է «Ազատություն նախագիծ» գործողությունը, որի նպատակն է դուրս բերել հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը։
Հեգսեթի խոսքով՝ «Ազատություն նախագիծ» առաքելությունը տարբերվում է «Էպիկական ցասում» ռազմական գործողությունից, որն ԱՄՆ-ն սկսել էր փետրվարի 28-ին։
««Ազատություն նախագիծը» պաշտպանական բնույթ ունի, այն իր ծավալի առումով կենտրոնացած է, իսկ տևողության առումով՝ ժամանակավոր։ Այն մեկ առաքելություն ունի՝ պաշտպանել անմեղ առևտրային նավերն իրանական ագրեսիայից։ Ամերիկյան նավերը կարիք չունեն մտնելու Իրանի ջրային կամ օդային տարածք։ Դրա անհրաժեշտությունը չկա։ Մենք կռիվ չենք փնտրում», - ասել է նախարարը։
Հեգսեթը նշել է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, և Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը շրջափակի այն։