Քաղաքականություն

Սա Հայաստանի պահն է, այն բացում է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային վերափոխման ճանապարհ. Մակրոն

4 րոպեի ընթերցում

Սա Հայաստանի պահն է, այն բացում է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային վերափոխման ճանապարհ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում իր ելույթում ներկայիս փուլը բնութագրել է որպես Հայաստանի պահ՝ ընդգծելով երկրի խաղաղության օրակարգի, տնտեսական առաջընթացի և տարածաշրջանային նշանակության աճը։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ վերջին օրերը վկայում են՝ սա իրականում Հայաստանի պահն է:

Նա կրկնել է իր խոսքերն առ այն, թե 4 կամ 8 տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հնարավոր կլիներ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Երևանում հավաքել շուրջ 40 պետությունների ղեկավարների և անցկացնել նաև Եվրոպական միության և Հայաստանի միջև գագաթնաժողով։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ փոփոխություններ են տեղի ունեցել` հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը 2020 թվականի աշնանը ծանր պատերազմ է վերապրել՝ լուրջ հետևանքներով։

Մակրոնի գնահատմամբ՝ այս պահը Հայաստանի համար նոր ճանապարհ է բացում, և դա արդեն հաջողություն է։ Նա ընդգծել է, որ առաջին հերթին խոսքը խաղաղության ճանապարհի մասին է՝ նշելով, որ Հայաստանը խիզախություն ունեցավ ընտրելու խաղաղության ուղին և գտնելու անհրաժեշտ ձևաչափերը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Նա հավելել է, որ 2022 թվականի Պրահայի և Վաշինգտոնի գագաթնաժողովները նպաստել են այդ գործընթացին:

Ֆրանսիայի նախագահը նաև անդրադարձել է տնտեսական զարգացումներին՝ նշելով, որ վերջին ութ տարիներին Հայաստանում գրանցվել է միջինում մոտ 6 տոկոս տնտեսական աճ, իսկ վերջին երկու տարիներին այն առավել տպավորիչ է դարձել։ Նրա խոսքով՝ դա վկայում է այն մոդելի արդյունավետության մասին, որը միավորում է խաղաղությունն ու բարգավաճումը։

«Հայաստանը դարձել է կարևոր հարթակ եվրոպական քննարկումների համար, Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ինչպես նաև Եվրամիություն-Հայաստան բարձր մակարդակի հանդիպումներ, որտեղ քննարկվում են ենթակառուցվածքային, անվտանգային և զարգացման ծրագրեր»,- նշել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները շատերի համար անսպասելի էին, սակայն դրանք հնարավոր դարձան վերջին տարիներին ցուցաբերված մեծ խիզախության շնորհիվ, ինչը նոր հնարավորություններ է բացում երկրի համար։

Մակրոնը նաև ընդգծել է, որ ցանկանում է, որպեսզի «հայկական պահը» վերածվի նաև «կովկասյան պահի»՝ ընդգրկելով ողջ տարածաշրջանը։ Նա նշել է, որ ունի երկու հիմնարար համոզմունք Հարավային Կովկասի վերաբերյալ.

«Տարածաշրջանը չպետք է դառնա կայսրությունների մրցակցության դաշտ,  այն կարող է վերածվել խաչմերուկի՝ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա կարևորել է նաև սահմանների բացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրա իրականացումը թույլ կտա տարածաշրջանին լիարժեք օգտվել տնտեսական և քաղաքական հնարավորություններից։ Այս համատեքստում նա ողջունել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ առևտրային սահմանափակումների վերացումը և լոգիստիկ ուղիների աստիճանական բացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում