Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մտքերի արդյունավետ փոխանակություն է տեղի ունեցել Թուրքիայի փոխնախագահի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Ողջունել ենք Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ արձանագրության ստորագրումը»,– գրել է վարչապետը։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը X-ի միկրոբլոգում իր հերթին նշել է, որ Երևանում համապարփակ և արդյունավետ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Նորին Գերազանցություն Փաշինյանի հետ մեր հանդիպմանը մենք համակողմանիորեն գնահատեցինք մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու տրանսպորտային, մաքսային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների և կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը»,– նշել է Թուրքիայի փոխնախագահը։

Յըլմազը կարևորել է նաև կարգավորման գործընթացում արձանագրվող առաջընթացը։

«Մենք հատկապես ուրախ ենք, որ կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը բերում են կոնկրետ առաջընթացի»,– գրել է նա։

Անդրադառնալով Անիի կամրջի վերականգնմանը՝ Յըլմազը նշել է, որ Անիի կամրջի համատեղ վերականգման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նույնպես կնպաստի խաղաղության և անվտանգության ամուր միջավայրի ստեղծմանը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանային համագործակցությանը։

«Տարածաշրջանային խաղաղության, երկխոսության և կայունության հիման վրա մենք վճռականորեն շարունակելու ենք մեր մոտեցումը Հարավային Կովկասում կարգավորման խթանմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը և մարդկանց միջև շփումների ամրապնդմանը»,– նշել է Յըլմազը։

Թուրքիայի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հյուրընկալության համար՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կնպաստի հետագա դրական զարգացումներին։

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրությունը ստորագրել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文