Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցով ամերիկյան նավերի անցումը կանխելու մասին
1 րոպեի ընթերցում

Իրանի բանակի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ արգելել են ամերիկյան էսկադրային ականակիրների անցումը Հորմուզի նեղուցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
«Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի վճռական և օպերատիվ արձագանքման շնորհիվ կանխվել է թշնամական ամերիկա-սիոնիստական էսկադրային ականակիրների մուտքը Հորմուզի նեղուցի շրջան», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մերձավորարևելյան ժամանակով մայիսի 4-ի առավոտյան ԱՄՆ-ն կսկսի հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի ուղեկցման գործողություն։ Նա սպառնացել էր ուժ կիրառել, եթե «այս մարդասիրական գործընթացը որևէ խոչընդոտի հանդիպի»:
Իրանն իր հերթին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։