Քաղաքականություն

Իսպանիայի վարչապետը ժամանեց Երևան. նրա ինքնաթիռը մայիսի 3-ին արտակարգ վայրէջք էր կատարել Անկարայում

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի վարչապետը ժամանեց Երևան. նրա ինքնաթիռը մայիսի 3-ին արտակարգ վայրէջք էր կատարել Անկարայում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանեց Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Իսպանիայի վարչապետին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Սանչեսը Երևան պետք է ժամաներ մայիսի 3-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրա ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը մայիսի 4-ին անցկացվում է Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։  

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։

Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների  առաջնորդներին՝ հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում